«ՀՀ իշխանության քայլերից հետո Ադրբեջանում նշում են՝ գերիները ոչ թե Հայաստան, այլ երրորդ երկիր պետք է գնան». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ վերջին շրջանում Ադրբեջանի սադրանքները նախ պետք է դիտարկել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում:
«Երկրորդ՝ վերջին շրջանում ադրբեջանական ամբողջ քարոզչական դաշտը միջանցքի տրամաբանությանն է ուղղված: Չնայած նրան, որ փաստաթղթի ամրագրմամբ չկա միջանցք արտահայտությունը, իսկ դրանից առաջ տարբեր հարթակներից հերքվում էր դա, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանն օգտվում է Հայաստանի այսօրվա իշխանության՝ հայ հասարակության հետ չաշխատելու բացթողումից, և այդ քարոզչական թեզն աշխատեցնում է: Ես ավելի հակված եմ Բրյուսելի հանդիպումը կապել հումանիտար հարցերի հետ՝ գերիների հարցի քննարկում, ականապատ տարածքների քարտեզների հանձնում Ադրբեջանին և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ գերիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններն ու գործողություններն օվերտոնի պատուհանի տրամաբանության ներքո են. «Տեսեք՝ մի քանի ուղղությամբ են աշխատում: Առաջինը՝ Հայաստանի հասարակության մեջ խորացնում են հակառուսական տրամադրություններ, երկրորդ՝ Հայաստանի հասարակությանը շարունակում են բաժանել սևեր-սպիտակների, այդ տրամաբանությամբ տանելով դիսկուրս՝ գերիները հերո՞ս են, թե՞ դավաճան: Լավ գիտենք, որ ՀՀ-ում կան հակառուսական շրջանակներ, որոնք հատուկ թիրախներով են աշխատում:
Երկրորդ ՝ շատ կարևոր է ընդգծել, որ գերիների հարցով ռուսական կողմը շատ ակտիվ է զբաղվում, և դանդաղ տեմպերի մեղքը նաև ՀՀ իշխանություններինն է: Բոլորովին վերջերս, երբ ՀՀ իշխանությունների կողմից կար գերիներին դավաճան համարելու քարոզը, Ադրբեջանը լայն տարածում էր հետևյալ թեզը՝ քանի որ Ադրբեջանը մինչև այս չէր տալիս գերիներին՝ պատճառաբանելով, որ նրանք ահաբեկիչներ են, հատել են Հայաստան-Ադրբեջան սահմանը, թեպետ այդտեղ սահման հասկացություն չկա, և այս ամբողջ տրամաբանության ներքո նշում էին, որ քանի որ ՀՀ իշխանություններն ասում են, թե գերիներին դատելու են, կա գերիների կյանքի անվտանգության խնդիր, և ճիշտ կլինի, որ գերիներին չտան և երրորդ երկիր ուղարկեն: Ասում են, որ գերիները ոչ թե պետք է գնան Հայաստան, այլ երրորդ երկիր՝ նշելով, որ սա լավ առիթ է Ադրբեջանի համար, որ գերիներին երկար ժամանակ չվերադարձնեն: Մոտավոր այսպիսի հայտարարություններ են անում»:
Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանը փորձում է ավելի մարդասե՞ր երևալ, նա պատասխանեց. «Այո, խաղալով ՀՀ իշխանությունների բազմաթիվ բացթողումների հետ, որոնք օրեցօր կրկնապատկվում են, Ադրբեջանը փորձում է իր քարոզչական թեզերը ապահովել: ՀՀ իշխանությունների այդ բացթողումները շատ ավելի են վտանգում գերիների անվտանգությունը»:
Ադրբեջանի հարցերով փորձագետը ընդգծեց. «ՀՀ այսօրվա իշխանությունները իրենց բոլոր հայտարարություններում և գործողություններում ավելի շատ թուրքական շահին սպասարկելու նպատակ ունեն, քան հայկական»:
Գառնիկ Դավթյանի գնահատմամբ՝ միջանցքների վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի հայտարարությունները քաղաքական են. «Վլադիմիր Պուտինը ՀՀ ղեկավարը չէ, որ ծառայի հայկական շահին, նա առաջնորդվում է ռուսական շահով, նոր հետո՝ հայկականով: Լավ գիտենք, որ այսօրվա քաղաքական բալանսն այնպես է խախտված, որ Հայաստանը գրեթե սուվերենություն չունի: Միջանցքի տրամաբանությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, և նրանց ամբողջ քարոզչական դաշտը դրա դեմ է աշխատում, որ չլինի միջանցք, լինի ճանապարհ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում