Ի՞նչ է տեղի ունենում դրամի հետ. Կենտրոնական բանկը գրեթե 10 անգամ ավելի շատ դոլար է վաճառել, քան գնել

Վերջին ամիսներին Հայաստանի արժութային շուկայում դոլարի ավելցուկ էր նկատվում։ Դրա արդյունք էր նաև ազգային արժույթի արժևորումը։ Բավական երկար ժամանակ դրամի գինը դոլարի նկատմամբ տատանվում էր 480-ից ներքև։

Չնայած դրան, փոխարժեքները կայունացնելու համար այս տարի Կենտրոնական բանկը գրեթե 10 անգամ ավելի շատ տարադրամ է վաճառել, քան գնել է։

Հրապարակված պաշտոնական տվյալներով, տարեսկզբի 9 ամիսներին գնվել է ընդամենը 17 մլն դոլար։ Փոխարենը՝ վաճառվել է 156 միլիոն։

Ավելի շատ, քան վաճառվել էր անցած տարի։ Անցած տարվա վաճառքը կազմել էր 127 մլն դոլար։

Անցած տարվա 9 ամսում նաև ավելի շատ տարադրամ էր գնվել՝ գրեթե 91 միլիոն։

Այս տարի փոխարժեքները կայունացնելու նպատակով Կենտրոնական բանկը դոլար է վաճառել հիմնականում տարվա սկզբին՝ հունվարից մինչև մայիս։ 156 մլն դոլարն ամբողջությամբ վաճառվել է այդ ամիսներին։

Առքը կատարվել է մայիսին և սպտեմբերին. մայիսին ԿԲ-ն գնել է 7 միլիոն, սեպտեմբերին՝ 10 մլն դոլար։ Դա համընկել է այն շրջանի հետ, երբ ազգային արժույթը արժևորվում էր։ Դրամի ավելի մեծ արժևորում թույլ չտալու նպատակով էլ Կենտրոնական բանկը տարադրամ է հանել շուկայից։ Չնայած նույնիսկ այդ պայմաններում ազգային արժույթը շարունակել է ամուր մնալ։ Կենտրոնական բանկը, ըստ ամենայնի, խուսափել է ավելի մեծ ծավալով տարադրամ ներքաշել՝ գնաճը զսպելու համար։

Ինչպես հայտնի է, սա այն հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է գնաճի վրա։ Թեև այդ ազդեցությունը սովորաբար միակողմանի է արտահայտվում։ Ազգային արժույթի թուլացումը գնաճի վրա միանգամից նկատվում է։ Այնինչ՝ ուժեղացումը գների վրա գրեթե չի արտահայտվում։ Բարձրանալուց հետո, դրանք հիմնականում այլևս չեն իջնում։

Չկա գների և փոխարժեքի էլաստիկություն, ինչը շուկայի հիմնական թերություններից մեկն է։ Օգտվելով առիթից՝ ազգային արժույթի թուլացման դեպքում տնտեսվարողները բարձրացնում են գները, իսկ ուժեղանալու դեպքում՝ այլևս չեն իջեցնում։

Այս խնդիրը Հայաստանում միշտ է եղել։ Նախկինում դա փորձում էին պայմանավորել տնտեսության մեջ օլիգոպոլիաների գոյությամբ, որոնք թելադրում են գները։ Իշխանափոխությունից հետո չնայած առիթ-անառիթ հայտարարվում է, թե Հայաստանում այլևս օլիգոպոլիաներ չկան, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հավասար և արդարացի մրցակցության համար, այնուհանդերձ գների և փոխարժեքի էլաստիկություն կրկին չկա։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ։ Օլիգոպոլիաները Հայաստանում ոչ թե վերացել են, այլ նրանց մի մասին փոխարինել են նորերը։ Արդյունքում՝ շուկան շարունակել է մնալ նույն կարգավիճակում՝ ընդամենը դեմքերն են փոխվել կամ նոր դեմքեր են առաջացել։

Այսպիսի պայմաններում, որքան էլ փոխարժեքները գնաճի հարցում վճռորոշ դեր ունեն, դրանք արտահայտվում են միայն թանկացումների ժամանակ։ Կենտրոնական բանկին մնում է այդ գործիքի միջոցով ընդամենը մեղմել գնաճի ակտիվացումը։

Բայց դրա հնարավորություններն էլ սահմանափակ են։ Այնպես չէ, որ ԿԲ-ն կարող է իրեն թույլ տալ չափից ավելի ուժեղացնել ազգային արժույթը։

Դրամի ամրապնդումը, որքան էլ գնաճի զսպման օգտին է, այն բացասաբար է ազդում տնտեսության և հատկապես տնտեսության արտահանելի հատվածի վրա։ Դրա հետևանքով արտահանումը թանկանում է՝ դժվարացնելով մրցակցությունն արտաքին շուկաներում։ Առանց այդ էլ մրցակցության առումով մեր ապրանքները դրսում քիչ խնդիրներ չունեն։ Չնայած այդ ապրանքներն այնքան էլ շատ չեն, տեսականին խիստ սահմանափակ է։

Արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն հատկապես մետաղները, որոնց վրա փոխարժեքի ազդեցությունը, մեծ հաշվով, էական չէ։ Դրանք այն ապրանքներն են, որոնք արտաքին շուկաներում հիմնականում մրցակցային և իրացման հետ կապված խնդիրներ չունեն։

Մյուսների դեպքում ազգային արժույթի ամրապնդման հետևանքներն ավելի էական են։ Բայց դա այն է, ինչ ունենք. միշտ չէ, որ հաջողվում է հավասարակշռել փոխարժեքի ազդեցությունը տնտեսության վրա։

Տարվա երկրորդ կեսին նկատվող արժևորումից հետո, վերջին 2 տասնօրյակում ազգային արժույթը կրկին թուլացման միտումներ է դրսևորում։ Դոլարի գինը, մի քանի օր է, ինչ անցել է 490 դրամից և արագորեն մոտենում է 500-ի սահմանին։ Մեծացել է անորոշությունը։  Ճնշումը հիմնականում դրամի թուլացման ուղղությամբ է։

Ազգային արժույթի արժեզրկման պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետք է ենթադրել, որ դրանում, ըստ էության, էական դեր է ունեցել ներմուծման սեզոնայնությունը։ Առջևում ամանորյա տոներն են, ու այդ ժամանակ առաջացող լրացուցիչ սպառման կարիքը բավարարելու համար ավելացել է ներմուծումը՝ հանգեցնելով նաև տարադրամի պահանջարկի աճին։

Վերջին շրջանում, ըստ էության, նվազել են նաև արտահանումից ստացվող տարադրամային հոսքերը։

Այս և այլ գործոններով պայմանավորված ճնշումն ազգային արժույթի վրա ուժեղացել է, բայց Կենտրոնական բանկն առայժմ կարծես չի շտապում տարադրամային ներարկումներ իրականացնել՝ փոխարժեքի կայունությունը պահպանելու և շուկայում ի հայտ եկած սպասումները թուլացնելու համար։ Չնայած դրա համար բավարար պաշարներ ունի։

Վերջին տվյալներով, Կենտրոնական բանկի արտաքին պահուստներն անցնում են 3,2 մլրդ դոլարից։ Այս տարվա ընթացքում դրանք ավելացել են գրեթե 586 մլն դոլարով։

Աճը բավական մեծ է, բայց դա կապ չունի տնտեսության ու տնտեսական զարգացումների հետ։ Հիմնական գործոնը եղել է տարեսկզբին իրականացված արտարժութային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի արդյունքում կառավարությունը հավելյալ 750 մլն դոլարի նոր պարտք ներգրավեց։ Վերցրած տարադրամը փոխարկել են և նստեցրել Կենտրոնական բանկի արտաքին պահուստներում։

Եթե չլինեին այդ գումարները, հիմա ԿԲ պահուստները շատ ավելի քիչ կլինեին, քան անցած տարվա վերջին էին։ Անցած տարվա վերջին դրանք կազմել էին 2 մլրդ 615 մլն դոլար։

Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարները թույլ են տվել արտաքին պահուստները պահել բարձր դիրքում։ Բայց դա չի նշանակում, թե այդ գործիքի միջոցով կարելի է մշտապես համալրել տարադրամային պահուստները։ Պետք է մտածել պահուստները ոչ թե՝ պարտքերի ավելացման, այլ առաջին հերթին՝ տնտեսության զարգացման հաշվին լրացնելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս