ՌԴ խաղաղապահները կենտրոնացած են գերիների վերադարձի և հումանիտար այլ խնդիրների վրա. Գերասիմով
Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների զորախումբը այժմ կենտրոնացած է գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և հումանիտար այլ խնդիրների լուծման վրա: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Բացի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանելուց, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա, ընդ որում ՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները», – ասել է Գերասիմովը ՝ ապրիլի 24-ին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ տեղի ունեցած ճեպազրույցում:
Ըստ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` ավելի քան մեկ տարի առաջ հաջողվել է կանգնեցնել արյունահեղ պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և հաստատմանը:
«Լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից իրականացվում է հերթապահություն դիտակետերում և պարեկություն»,- ասել է Գերասիմովը: