«Հակառակորդը փորձում է առանց աղմուկի հարմարվել Քարվաճառի տարածքին, որպեսզի կարողանա հետագա գործողությունների դեպքում դիմակայել». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը Արցախի Հանրապետության օկուպացրած Քարվաճառի շրջանում զորավարժություններ է սկսել։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնասիրելով զորավարժությունների սցենարը, ակնհայտ է դառնում, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Ինչպես նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարն է գործում։

«Ստացվում է, որ Ադրբեջանն իրականում հարձակողական բնույթի զորավարժություններ է սկսել։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը ևս պայմանավորում եմ հենց այս զորավարժություններով, քանի որ, բացի խաղարկային զորավարժություններից, ըստ էության, անցկացնում են նաև մարտական զորավարժություններ՝ ավելի իրական պատկեր ստանալու համար։ Փորձ են կատարում այսպես ադապտացվել Քարվաճառի տարածքին։ Այնպես որ՝ զորավարժությունների անցկացումը և թշնամու ակտիվացումն այդ տարածքում փոխկապակցված է միմյանց հետ»,- 168.amի հետ զրույցում ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ պարտադիր չէ, որ Ադրբեջանը զորավարժությունների միջոցով մեսիջներ հղի Հայաստանի հասարակությանն ու իշխանությանը, որ եթե, օրինակ, խաղաղությամբ չտաք «Մեղրիի միջանցքը», ապա նման սադրանքներով կհասնենք դրան։

«Բաքվի բռնապետն ուղիղ հայտարարել է, որ եթե այդ «միջանցքը» չտան, այն ուժով կվերցնեն։ Միևնույն ժամանակ, այդ զորավարժություններով նրանք ազդում են հայ հասարակության վրա, որովհետև մենք արդեն թիրախային ենք դարձել, զգայուն ենք այս հարցերի շուրջ, դրա համար ցանկացած նմանատիպ գործողություններ դիտարկում ենք շատ ավելի զգայական, քան պետք է դիտարկել։ Հայ հասարակությունը չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնի այդ զորավարժություններին, սակայն ՀՀ իշխանությունը պետք է  ի գիտություն ընդունի, վերջիվերջո, եթե գնում են «խաղաղության դարաշրջանի», չպետք է այդ հաճախականությամբ զորավարժություններ լինեն»,- հավելեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա նկատեց՝ այդ զորավարժությունների վերաբերյալ այս անգամ Ադրբեջանն ամպագոռգոռ հայտարարություններ չի արել, քանի որ փորձ են կատարում Քարվաճառի տարածքում հասկանալ, թե ինչ կարող են անել տեղանքում։

«Իրականում Քարվաճառը հակառակորդը դիտարկում է իր «աքիլեսյան գարշապարը» և լավ է գիտակցում, որ եթե հանկարծ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, ապա իր առաջին անհաջողությունը սկսվելու է հենց Քարվաճառից։ Այդ պատճառով էլ հակառակորդը փորձում է առանց աղմուկի հարմարվել տարածքին, որպեսզի կարողանա հետագա գործողությունների դեպքում դիմակայել»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս