Բաժիններ՝

Ավստրալիայի պաշտոնատար անձինք ներկա չեն լինի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին

Ավստրալիայի պաշտոնատար անձինք Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին ներկա չեն լինի Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պաշտոնական բոյկոտի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը:

«Ես դա անում եմ, որովհետեւ դա համապատասխանում է Ավստրալիայի ազգային շահերին»,-հեռուստաալիքը մեջբերում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքը:

Նրա խոսքով՝ Խաղերը բոյկոտելու պաշտոնատար անձանց որոշման վրա ազդել է նաեւ այն, որ Ավստրալիայի եւ Չինաստանի միջեւ սառել են դիվանագիտական հարաբերությունները: «Ուստի զարմանալի չէ, որ Ավստրալիայի կառավարության պաշտոնյաները Չինաստանում Խաղերին ներկա չեն լինի»,-նշել է նա:

ABC հեռուստաալիքը ճշտել է, որ բոյկոտը նաեւ կտարածվի ավստրալացի այն պաշտոնատար անձանց վրա, որոնք արդեն գտնվում են Չինաստանում:

Միեւնույն ժամանակ Մորիսոնը հայտարարել է, որ ավստրալացի մարզիկները կմասնակցելու են խաղերին, չնայած դիվանագիտական բոյկոտին:

Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ), որը պլանավորում է Օլիմպիական խաղերին ուղարկել շուրջ 40 մարզիկների, պաշտպանել է այդ քայլը:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ «նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ո՛չ դիվանագիտական ներկայացուցիչների, ո՛չ այլ պաշտոնատար անձանց չի ուղարկի 2022 թվականի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին»: Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ որոշումն ընդունել է, համարելով, որ ՉԺՀ-ն խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:

Հետագայում Նոր Զելանդիայի սպորտի նախարար Հրանտ Ռոբերտսոնը հայտարարել է, որ իր երկիրը նախարարական մակարդակով ներկայացված չի լինելու Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս