Ժամանակակից սեր. եթե տարիներ առաջ ինձ ասեին, որ ամուսնանալու եմ հինգ ամսվա ծանոթի հետ, ես կծիծաղեի
Էնջիի ինստագրամյան էջում գրված է՝ «աշխատում եմ կավով, ստեղծում եմ մոզաիկաներ, սիրում եմ Ռաֆին»: Իր ու Ռաֆի աննկարագրելի գեղեցիկ սիրո մասին Էնջին պատմել է 168.am-ի «Ժամանակակից սեր» շարքի շրջանակներում: Վերջիններիս սերը, անցնելով դժվարությունների միջով, հաղթահարելով ժամանակն ու տարածությունը, լավագույն ապացույցն է նրա, որ մարդիկ չեն կարող ապրել առանց սիրո:
«Եթե տարիներ առաջ ինձ ասեին, որ ամուսնանալու եմ հինգ ամսվա ծանոթի/ընկերոջ հետ, ես կծիծաղեի ու կասեի՝ ինչի՞ տեղ եք ինձ դրել։ Այդպես կվարվեր նաև իմ ներկայիս ամուսինը, կարծում եմ։ Բայց կյանքը մեզ համար պատրաստել էր բոլորովին այլ իրականություն, ինչի համար ամեն օր և անվերջ շնորհակալ եմ։
Ռաֆայելն ու ես ծանոթացանք մերօրյա աշխարհի համար ամենածանր ու տարօրինակ ժամանակահատվածներից մեկի ընթացքում՝ երբ նոր-նոր բոլորով ընկղմվում էին Covid19-ի չվերջացող հորձանուտի մեջ։ Ծանոթացանք Instagram-ով (վերջապես ինձ հայերեն նամակ էր գրել, ու ես արձագանքել էի, հասկանալով, որ հայ է), ասաց, որ 10 օրից Հայաստան է գալու։ Բայց սահմանները փակվեցին, և 10 օրը դարձավ 3 ամիս՝ սիրելիիս «բանտարկելով» Լոս Անջելեսում։ 3 ամիս շարունակ գիշեր-ցերեկ շփվում էինք օնլայն․ ծայրահեղ սիրահարված էինք երկուսս էլ, անհամբեր էինք՝ երբ ենք հանդիպելու իրական կյանքում։
Իհարկե, վախ կար, իսկ եթե հանդիպենք ու ամեն ինչ չքանա՞, իսկ եթե չսիրե՞նք իրար instagram-ից դուրս։ Ռաֆն ավելի վստահ ու անվախ էր այդ առումով, նա համոզված էր, որ իր երազանքների կնոջն է գտել։ Ես ավելի շատ կասկածներ ունեի, որոնք, իհարկե, մի վայրկյանում ոչնչացան, երբ առաջին անգամ նրան հանդիպեցի արդեն իրական կյանքում։
Առաջին անգամ տեսա ու հասկացա, որ գտել եմ իմ ամբողջ կյանքի սիրուն, լավագույն ընկերոջը, մտերիմին, անփոխարինելի հարազատին։ Հասկացա՝ ինչու նախկինում ոչ մի մարդու հետ չի ստացվել որևէ լուրջ բան կառուցել, որովհետև ոչ ոք այնքան իմը չի եղել, ինչքան Ռաֆայելը։
Ռաֆի Հայաստան գալով սկսվեց մեր երջանիկ ընկերությունը, կյանքը, բայց սրտումս մեծ ցավ կար, գիտեի, որ 2 ամսից նորից պիտի մեկնի ԱՄՆ, այս անգամ Նյու Յորք։ Շատ էի սրտնեղում, որ պիտի առանց իրեն մնամ։ Երբեմն ուղղակի փողոցի մեջտեղում սկսում էի լացել։ Մի անգամ հենց նման պահերից մեկի ժամանակ, Ռաֆը նայեց դեմքիս ու ասաց՝ Էնջի, արի ամուսնանանք, այդպես դու ավելի հանգիստ ու վստահ կլինես, որ նորից հանդիպելու ենք։ Մտածեցի՝ կատակում է։ Բայց հետո պարզվեց՝ ավելի քան լուրջ էր։
Սկզբում երկուսս էլ պնդում էինք, որ ամուսնանում ենք նախ և առաջ փաստաթղթերիս համար, որ հեշտ մուտք գործեմ ԱՄՆ։ Բայց հետո, երբ սկսեցինք միասին ապրել, հասկացանք, որ ընտանիք կազմելը լավագույն բանն էր, որ կարող էինք անել, որովհետև մեզ չափազանց լավ ու հարմար է միասին, մենք ասես ծնվել ենք միասին ապրելու, արարելու և առաջ ընթանալու համար։
Հետո, իհարկե, եղան շատ ու շատ դժվարություններ։ Ռաֆը գնաց, սկսվեց պատերազմը։ Երկուսս էլ անասելի վատ հոգեվիճակում էինք ամիսներ շարունակ։ Շատ բարդ է լինել հարաբերությունների մեջ՝ բաժանված լինելով մի ամբողջ օվկիանոսով շատ երկար ժամանակ։ Բայց մենք հաղթահարեցինք ու շարունակում ենք հաղթահարել այդ մեծ խնդիրը՝ պահելով ու խնամելով մեր սերը, մեր կապը, մեր հարաբերությունները։ Որովհետև իրարից թանկ ու հարազատ ոչ մեկին չունենք, որովհետև արդեն այնքան բանի միջով ենք անցել միասին, որ ասես նույն մարդը լինենք՝ տարբեր մարմիններում։ Ես միշտ կես կատակ-կես լուրջ նշում եմ, որ կարող եմ մի ամբողջ դասընթաց վարել՝ ինչպես պահպանել հարաբերությունները հեռավորության վրա։ Իհարկե, որքան ժամանակն անցնում է, այնքան մոտենում է օրը, երբ ինքս կտեղափոխվեմ ԱՄՆ, և կսկսի մեր հարաբերությունների նոր շրջափուլը, որը, վստահ եմ, լի է լինելու անսահման սիրով ու ներշնչանքով, որովհետև աշխարհը հոգ է տարել, որ մենք երկուսս հանդիպենք իրար, սիրենք իրար, նորոգենք մեր շուրջն ամեն բան մեր սիրով, ապրենք ծաղկած ու մեր սիրո ուժով հավատ ներշնչենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են դա՝ սիրո, միասնության, ընկերության ու ընտանիքի հանդեպ»: