«Ախր, չգիտեմ, թե ինչո՞ւ են այդ մաքսակետերը տեղադրել, մտածում են՝ այդ ճանապարհով ադրբեջանցիները երթևեկելիս մաքսատո՞ւրք կվճարեն՝ երբեք»․ Բարձրավանի գյուղապետ
Դեկտեմբերի 1-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։
«Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն՝ դա այն դեպքում կլինի, երբ համապատասխան ինչ-որ մեքենա հատի ՀՀ սահմանը և այնտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածներում։ Շենքերին փոխարինող ավելի հարմարավետ միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։ Իրենք աշխատում են այնտեղ, որտեղ աշխատում են այլ պետական մարմիններ, որոնք աշխատում էին մինչ այդ։ Չեմ կարող ասել՝ ադրբեջանական կողմը կօգտվի՞ այդ ճանապարհից, թե՞ ոչ, կամ ո՞ր փուլում կօգտվեն։ Մեր մաքսավորների տեղակայումն այնտեղ ինքնանպատակ չէ, դա բազմիցս կառավարության կողմից մեկնաբանվել է, այստեղ հավելյալ մեկնաբանություն չունեմ»,- ասել էր ՊԵԿ նախագահը։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ իր համար անհասկանալի է այդ ճանապարհին մաքսակետեր տեղադրելը, այն դեպքում, երբ իշխանությունն այդ ճանապարհը հանձնել է թշնամուն։
«Ախր, ես չգիտեմ, թե ինչո՞ւ են այդ մաքսակետերը տեղադրել, մտածում են՝ այդ ճանապարհով ադրբեջանցիները երթևեկելիս մաքսատո՞ւրք կվճարեն՝ երբեք, թե՞ մտածում են հայերից մաքսատուրք գանձել, ես որ ես եմ, այդ ճանապարհով չեմ երթևեկի։ Այս պահին այդ ճանապարհով երթևեկում են միայն Իրանի մեծ բեռնատար մեքենաները, տամոժնի դնելու իմաստը չեմ հասկանում»,- նշեց Օնիկ Ավագյանը։
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը Բարձրավանում կայուն է, կարևորը՝ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան, ոչ էլ որևէ մեկը մտածում է գյուղը լքելու մասին։
«Մարդիկ իրենց հող ու ջրին ամուր կանգնած են, դե, դժվար է, բայց որևէ մեկը չի թողնելու ու փախնի։ Նախկինի համեմատ գյուղում շարժն է նվազել, որովհետև այլընտրանքային ճանապարհները նորմալ վիճակում չեն, շինարարությունն ավարտին հասցնելու համար երկար ժամանակ է պետք։ Այս այլընտրանքային ճանապարհը՝ Տաթևի հատվածով, մեծ բեռնատարների համար խնդիրներ է առաջացնելու, հատկապես, եթե ձյուն գա ու սառույց լինի։ Ես չգիտեմ՝ այդ հարցն ինչպես են լուծելու, թող համապատասխան մարմիններն այդ հարցին պատասխանեն։ Բայց որ մենք անելանելի վիճակում ենք հայտնվելու՝ հաստատ է։ Մենք էլ գյուղից շարժ անելու համար դժվարությունների ենք բախվելու, եթե նույնիսկ մի քիչ անձրև գա»,- շեշտեց գյուղապետը։
Ըստ Օնիկ Ավագյանի՝ 90-ականներին գյուղը կրկին դժվարին իրավիճակում է եղել, սակայն Գորիս-Կապան ճանապարհը երբեք թշնամու վերահսկողության տակ չի եղել։
«Նույնիսկ 90-ականներին Գորիս-Կապան ճանապարհը մեզ համար միշտ օգտագործելի է եղել, մենք պատերազմի ժամանակ այդ ճանապարհով ենք երթևեկել, այն մեր հսկողության տակ ենք պահել, ադրբեջանցիներն առհասարակ այդ ճանապարհով չեն անցել։ Ճիշտ է, կալոննաների շարժման ժամանակ վերևներից կրակում էին, բայց մեր հսկողության տակ էր, մենք ավելի շահեկան դիրքում էինք»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Իշխանասարի գյուղապետի հայտարարությանը, որ թշնամին Իշխանասարի հատվածից հետ է քաշվել, որը ՊՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է, Բարձրավանի գյուղապետն ասաց՝ «խելքին մոտ չէ, որ թշնամին հետ կքաշվի»։
«Ես չեմ հավատում, որ թշնամին հետ է քաշվել, քանի որ նա ամեն մի սանտիմետրի համար պայքարում է, կամավոր հետ գնալը խելքին մոտ բան չէ, այդ ամենին ես չեմ հավատում։ Ամեն դեպքում լուրերը հակասական են, հստակ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։