Բաժիններ՝

«Սերը խաչ է»․ կարո՞ղ եմ ամենքին սիրել

Հաճախ մարդիկ քրիստոնեական սիրո մասին սխալ պատկերացում ունենալու հետևանքով հարցեր են ունենում։ «Ինչպե՞ս սիրեմ թշնամուս», «Ինչպե՞ս սիրեմ մարդուն, ով ինձ վնասել է», «Ինչպե՞ս մյուս այտս էլ դարձնեմ, երբ մեկին ապտակում են»։ Մարդիկ այս հարցերով փորձում են քրիստոնեական սերը, որ վեհ է ամեն բանից, նույնացնել խեղճության հետ։

Իրականում բոլորովին այսպես չէ։ Քրիստոնեական սերը ոչ մի ընդհանուր աղերս չունի խեղճության հետ։ Քրիստոնեական սերը վեհ է՝ հանգամանքներ ու պայմաններ չճանաչող, անկախ ամեն հանգամանքից, անսահման։

Սակայն այս ամենից զատ նաև պետք է իմանանք, որ երբ ասում ենք, որ ամենքին պետք է սիրել, չի նշանակում, որ պետք է սիրել նույն չափով։ Օրինակ՝ ծնողներիդ ու անծանոթներին, սիրելիիդ ու պատահական անցորդներին նույն չափ չես սիրում, և դա բնական է։ Պետք է պարզապես բաց լինել աշխարհի հանդեպ, պատրաստ լինել օգնելու, դուրս գալ եսասիրության ու եսակենտրոնության սահմաններից։ Դա՛ է քրիստոնեական սերը, որի լավագույն օրինակը տվեց հենց Միածին Որդին՝ Քրիստոս։

Նրա երկրային կյանքն այս ամենի ապացույցն է։ «Սերդ սիրով խոնարհեցար ի փրկություն…» ,- ասել է Ներսես Շնորհալին Քրիստոսի մասին։ Նա իր սերն անգամ սիրով խանորհեց՝ հանուն մարդկության փրկության։ Նա եղավ ազնիվ, մոռացավ իր անձը՝ ծառայելով և ոչ թե տիրելով։ Անգամ խաչի վրա, չարչարվելով ցավերից, Քրիստոս դրսևորեց բացառիկ, իրական սեր մարդության հանդեպ՝ ասելով․ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34)։

«Սերը խաչ է»,- ասել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Սիրուն վերաբերվենք հենց այսպես՝ ոչ թե որպես ընծա, այլ որպես խաչ։ Բաշխենք մեր սերը ճիշտ՝ միաժամանակ ունենալով սեր բոլորի համար։ Հիշենք, որ կարող ենք բոլորին սիրել, պարզապես չենք կարող սիրել նույնչափ։ Լինե՛ք մարդասեր, որ նույնն է, թե քայլելը Քրիստոսի ճանապարհով։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս