Բաժիններ՝

Ի՞նչ խորհուրդ ունի մկրտվողին նոր անուն դնելը

Եկեղեցական ավանդության համաձայն` Ս. Մկրտության ժամանակ երախային նոր անուն են տալիս, որը խորհրդանշում է Եկեղեցու Ս. Ավազանից նոր մարդու` արդեն քրիստոնյայի ծնունդը: Այսպես է նաև քահանայական ձեռնադրության ժամանակ, երբ ձեռնադրող եպիսկոպոսն ընծայացուի ճակատը Ս. Մյուռոնով օծելիս նրան նոր անուն է տալիս: Ս. Մկրտության ժամանակ քահանան, բարձրաձայն արտասանելով Ս. Մկրտության բանաձևը, երախային ընկղմում է ջրի մեջ և ասում. «(Արտասանում է անունը) Աստծո այս ծառան…»:

Սովորաբար մկրտյալին տալիս են որևէ սրբի անուն՝ այն մտածումով, որ տվյալ սուրբը բարեխոս և պահապան լինի մկրտվողին կյանքի հետագա օրերին:

Նկատի պետք է ունենալ, որ նախկինում չկային այսօրվա պետական պատկան մարմինները, որոնք այժմ փաստաթղթով արձանագրում են երեխայի անունը ծննդից հետո: Հնում մեր Եկեղեցում ընդունված սովորությամբ մանկանը մկրտում էին ութօրյա հասակում, և նրա մկրտության անունն էլ դառնում էր նրա քաղաքացիական անունը: Այսօր իրականությունը տարբեր է, քանզի ծննդյան վկայականի և Ս. Մկրտության անունները կարող են տարբեր լինել:

Հատկապես խնդիրը բարդ է խորհրդային տարիներին ծնված մեծահասակների դեպքում, որոնք ունեն ոչ քրիստոնեական անուններ` Կառլեն, Լենդրուշ, Վիլեն, Շաքար, Բախտիար, Գյուլնար, Գյուլիզար և այլն:

Նույնն է պարագան նաև օտարահունչ անունների դեպքում: Բնականաբար, նման դեպքերում եկեղեցականն անպայման անվանափոխություն է կատարում:

Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս