«Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛ ոստիկանությունը». Անահիտ Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվող սահմանափակումներին՝ հանրային վայրեր այցելելիս պետք է ներկայացնել պատվաստման թերթիկը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը։
Ըստ նախարարի, սա արտառոց բան չէ, բազմաթիվ երկրներ արդեն կիրառում են այդ սահմանափակումները, թե՛ հանրային տրանսպորտից, թե՛ այլ ծառայություններից օգտվելու ժամանակ։
«Տեխնիկական առումով այս լուծումները վաղուց իսկ տրված են, և մեր հավելվածն էլ բավականին լավ գործարկվում է, այն նույն կերպ ճանաչելի է բազմաթիվ երկրներում, մեր քաղաքացիները, օրինակ, Փարիզում սրճարանից օգտվելիս նույն կերպ հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը։ Այո, նորից պետք է կրկնեմ, որ կորոնավիրուսն անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ առողջապահական, տնտեսական համակարգերի վրա, և մեր կողմից կիրառվող միջոցառումներն ուղղված են, որպեսզի մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դուրս չգա կառավարելիի շրջանակներից»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ պահպանվում է դիմակների կրման պահանջը, քանի որ ի հայտ են եկել նոր շտամներ, և պետք է շատ աչալուրջ լինել։
«Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛ ոստիկանությունը, օրինակ, դրսում դիմակի կրման վերահսկողության ֆունկցիան դրված է ոստիկանության վրա, բայց, օրինակ, դիմակի կրման պահանջը խանութում՝ տեսչական մարմնի։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում անելու է հնարավորինը պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Մարդը, որը մուտք է գործում ռեստորան կամ սրճարան, ապա տնօրենը կարող է ստուգել նրա պատվաստված լինելու հանգամանքը։ Մեր հավելվածն այս պահին ներառում է ոչ միայն պատվաստման սերտիֆիկատը, այլև ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,- շեշտեց նախարարը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին չկա այն հանրային իմունիտետը, որն անհրաժեշտ է, դա 50-60 տոկոսից ավելին է։ Հետևաբար՝ դեռևս կիրառելու են որոշակի գործիքակազմ, որպեսզի ավելի խթանեն պատվաստումները։