Կառավարության հաշվարկները չեն արդարանում. աճը կլինի ավելի ցածր, քան կարծում էին
Կառավարությունը հաջորդ տարվա համար նախատեսում է հասնել առնվազն 7 տոկոս տնտեսական աճի։ Այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումից հետո անգամ, այս տարի չկարողացավ այդքան աճ ապահովել։ Նույնիսկ նախորդ կանխատեսումն է փոխել ու 2021թ. ավելի ցածր աճ է ակնկալում։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունն այս տարվա համար 6,5 տոկոս տնտեսական աճի սպասում էր դրել։ Այն էլ՝ անցած տարվա ավելի մեծ անկումից հետո։ Անցած տարվա անկումը, ինչպես հայտնի է, 7,4 տոկոս էր։ Ավելի շատ, քան այս տարվա սպասվող վերականգնումը։
Բայց հիմա արդեն կառավարությունը 6,5 տոկոս աճին էլ չի հավատում։
Բյուջեի նախագիծը ներկայացնելուց 2 ամիս հետո հասկացել են, որ սպասվող աճը չի լինելու։
Այժմ արդեն կառավարության այս տարվա տնտեսական աճի սպասումը 6 տոկոսը չի գերազանցում։
«Հիմա, կարծում ենք՝ այդպես չի լինի, 6 տոկոսը չի գերազանցի»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների նախարարը։
Այսինքն՝ լավագույն դեպքում տնտեսական աճը կլինի 6 տոկոս։ Վատագույն դեպքում՝ավելի ցածր։ Այս պահին ավելի հավանական է վատագույն սցենարը։ Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։
Տնտեսական ակտիվությունը գնալով նահանջում է։ Եթե 7 ամսում ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն, ապա 9 ամսվա արդյունքներով՝ այն իջավ 4,4 տոկոսի։
Տնտեսական ակտիվությունը 2 ամսում նահանջեց 0,8 տոկոսային կետով։
Հաջորդ ամիսներին թեև ակնկալվում է, որ իրադրությունը որոշ չափով կբարելավվի, այնուհանդերձ սպասելիքներն այլևս այնպիսին չեն, ինչպիսին կարծում էին 2 ամիս առաջ։ Օգոստոս-սեպտեմբերի զարգացումները ցույց տվեցին, որ տնտեսության առանձին ոլորտներում ակնկալիքները չարաշահվել են։
Այդ ամիսներին անկում գրանցվեց լեռնահանքային արդյունաբերության մեջ։
Երկար ժամանակ այստեղ զարգացումներն առաջանցիկ էին, սակայն մետաղների վրա արտահանման տուրքի կիրառումից հետո արդյունահանման աճը կանգ առավ։ Նույնիսկ բավական մեծ անկում գրանցվեց։
Կառավարությունը հույս ունի, որ տարեվերջին ընդառաջ ընդերքի արդյունահանման ծավալները կվերականգնվեն։ Նման հնարավորություններ տեսնում են։ Սակայն հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։
Խնդիրները վերջին շրջանում տնտեսության այս ճյուղում ավելացել են։ Դրանք կապված չեն միայն մետաղների վրա արտահանման տուրք դնելու հետ։
Մյուս ոլորտը, որը հանգեցրել է տնտեսական ակտիվության ցուցանիշների վատացման՝ գյուղատնտեսությունն է։
Հիշեցնենք, որ 9 ամիսների տվյալներով, գյուղատնտեսությունը կրկին անկումային է. արձանագրվել է արտադրության ծավալների 1,5 տոկոս նվազում։
Ի տարբերություն լեռնահումքային ոլորտի, գյուղատնտեսության մասով կառավարությունը դրական սպասելիքներ չունի։ Ենթադրվում է, որ այստեղ անկումը կպահպանվի նաև տարեվերջին։ Այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ներկայացված 2022թ. պետական բյուջեի նախագծում գյուղատնտեսության ոլորտում բավական բարձր աճ էր կանխատեսել։
Երկու ամիս առաջ սպասում էր, որ գյուղատնտեսությունը տարին կփակի 5,6 տոկոս աճով։
Այսօր արդեն աճի հավանականությունը զրոյացել է։ Երկու ամսվա տարբերությամբ շեղումն ահռելի է։
Ահա այսպես է կառավարությունը կանխատեսումներ անում տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Զարմանալի չէ, որ այդ կանխատեսումները շատ հաճախ չեն իրականանում։
Այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ սպասումները, որոնք դրված են 2022թ. բյուջեի նախագծում, հեռու են իրականանալուց ոչ միայն՝ գյուղատնտեսության, այլև՝ արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերության համար էլ կանխատեսվել էր 4,3 տոկոս աճ։ Բայց ավելանալու փոխարեն, արդյունաբերության աճի տեմպը վերջերս նվազում է։
Այն նույնիսկ 1 տոկոսից ցածր է. 9 ամսում կազմել է ընդամենը 0,7 տոկոս։
Այնինչ՝ կառավարությունը 2 ամիս առաջ ներկայացված հաջորդ տարվա բյուջեի նախագծում 4,3 տոկոս է դրել։ Տարվա ավարտից 3 ամիս առաջ փաստացի և կանխատեսվող ցուցանիշների տարբերությունն անցնում է 6 անգամից։
Հարցականի տակ են նաև ծառայությունների հետ կապված կառավարության ակնկալիքները։ Այս պահին ոլորտում աճ կա, բայց վերջին շրջանում այստեղ ծառայությունների ռիսկերը կրկին ակտիվացել են ու դա սկսել է ազդեցություն ունենալ ոլորտի ցուցանիշների վրա։
Ծառայություններում աճը 5,4 տոկոս է։ Երկու ամիս առաջ կառավարությունը 8,1 տոկոսի հույսեր ուներ։ Ռիսկերը ոլորտում մեծացել են՝ մեծացնելով ճնշումը նաև աճի վրա։
Տնտեսության միակ ոլորտը, որտեղ կառավարության կանխատեսումը շատ ավելի ցածր է, քան փաստացի ցուցանիշն է, շինարարությունն է։ Շինարարության մեջ, վերջին տվյալներով, առկա է 6,4 տոկոս աճ։
Աճն ավելի բարձր էր այն ժամանակ, երբ կառավարությունը ձևավորում էր 2022թ. պետական բյուջեի նախագիծը։ Բայց որքան էլ տարօրինակ հնչի, այդ փաստաթղթում շինարարության ոլորտում այս տարվա համար կառավարությունը շատ ավելի համեստ աճի ցուցանիշ է դրել՝ ընդամենը 1,5 տոկոս։
Այսինքն՝ ակնկալել է, որ տարեվերջին շինարարության տեմպերը կընկնեն։
Այս զարգացումների ֆոնին էլ կառավարությունում եկել են եզրակացության, որ այլևս չկա 6,5 տոկոս աճի հավանականություն։ Աճը չի գերազանցի 6 տոկոսը։ Բայց թե ինչքան կկազմի՝ դեռ դժվարանում են ասել։ Ֆինանսների նախարարը հակված է կարծել, որ շատ բան պարզ կլինի տնտեսության զարգացումների վերաբերյալ հոկտեմբերի ցուցանիշների հրապարակումից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ