Գնահատվե՞լ են ռիսկերը, երբ բուժաշխատողները համատարած որոշում են չթեստավորվել ու չպատվաստվել. ի՞նչ է լինելու, ո՞վ է բուժելու հիվանդներին. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը (ՍԴ) շարունակում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Պատասխանող կողմ Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչից հետո բացատրություններ տալու համար ամբիոնին մոտեցավ պատասխանող կողմ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ինչից հետո ՍԴ դատավորները հարցեր ուղղեցին նրան:

Հրայր Թովմասյանին հետաքրքրում էր բուժաշխատողների թեստավորման կարգը, կոնկրետ քանի՞ բուժաշխատող է ներգրավված կորոնավիրուսի բուժման գործընթացում, արդյո՞ք ԱՆ-ն գնահատել է այն ռիսկերը, երբ բուժաշխատողները համատարած որոշում են չթեստավորվել ու չպատվաստվել, ի՞նչ է լինելու, ո՞վ է բուժելու հիվանդներին, քննարկվե՞լ է արդյոք այն երկրների փորձը, երբ մարդու մոտ հակամարմինների առկայության դեպքում պատվաստում չի պարտադրվում, եթե վերահսկողություն չկա թեստավորման գների վրա, ի՞նչ պիտի անի թեստավորման ցանկություն ունեցող, բայց միջոցներ չունեցող մարդը, արդյո՞ք հարգելի է համարվելու այն աշխատակցի՝ աշխատանքից բացակայությունը, որը աշխատանքի ժամին ցանկանալու է գնալ թեստավորվելու, քննարկվե՞լ է արդյոք աշակերտների և ուսանողների համար պարտադիր թեստավորում կատարելու կարգը:

Հրայր Թովմասյանը նկատեց՝ թող իր հարցերից տպավորություն չստեղծվի, որ ինքը դեմ է թեստավորմանը կամ պատվաստումներին, ավելին, կան շատ ակտիվ կյանքով ապրող, մարդկանց հետ շփվող, խանութներ ու ռեստորաններ հաճախող կենսաթոշակառուներ, ուրեմն ինչո՞ւ նրանց համար չի գործում այդ կարգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930