«Ալեն Սիմոնյանն այդպես էլ չբացատրեց՝ ինչո՞ւ ամեն բան այդքան խայտառակ ավարտ ունեցավ Ղարաբաղում». Ռուս լրագրողի սկանդալային հրապարակումը

Այսօր ռուսական «Комсомольская правда» (КП)  թերթը «Ղարաբաղում պատերազմից մեկ տարի անց. Ռուսաստանը դադարեցրել է արյունահեղությունը, բայց կրկին մեղավո՞ր է» վերտառությամբ ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել:

«КП»-ի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինն իր այցի ընթացքում տեսել է, թե ինչ է տեղի ունենում այժմ Հայաստանում և Ղարաբաղում, և փորձել է կանխագուշակել, թե ի՞նչ կլինի հետագայում:

Հոդվածի սկզբում հեղինակը հիշեցրել է Արցախյան վերջին պատերազմի մասին,  ապա նկարագրել դեպի Արցախ ընկած ճանապարհը, պատմել՝ ինչպիսին է կյանքը Ստեփանակերտում այժմ, զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, Ստեփանակերտում և Երևանում փորձել պաշտոնական պատասխան ստանալ ռուս խաղաղապահների մանդատի բովանդակության մասին (բայց ապարդյուն), ներկայացրել ադրբեջանցիների սադրանքները, հանդիպել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, եղել փախստականների ճամբարում, Ամարասում:

Ռուս լրագրողը գրել է նաև այն մասին, որ Արցախում այն վարկածը կա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, գիտակցաբար հանձնել են Արցախը: Փորձելով հասկանալ իրականությունը՝ Դմիտրի Ստեշինը Արցախից շտապել է Երևան ու ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանին ուղիղ հարցեր հնչեցրել:

Ռուսական լրատվամիջոցի հրապարակման այս հատվածը ներկայացնում ենք անփոփոխ:

«Ես չսկսեցի ձևեր թափել «հավատարիմ փաշինյանական» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում և ուղիղ հարցրեցի.

– Հայաստանը հատո՞ւկ է հանձնել Ղարաբաղը՝ փոխելու համար երկրի աշխարհաքաղաքական վեկտորը ռուսականից արևմտյանի:

Հարցազրույցը վերածվեց լեզվակռվի: Ալեն Ռոբերտովիչը սկսեց փրփրել:

– Իսկ հայ հասարակության մեջ ընկալում կա, որ Ռուսաստանը հանձնեց Ղարաբաղը: Եվ ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Դրանով Դուք վիրավորում եք հայ ժողովրդին ու նրանց, ովքեր Ղարաբաղի համար արյուն են թափել: Եթե այն ցանկանային հանձնել, մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) առաջարկը:

Բայց ես թույլ չտվեցի, ինչպես միշտ, մեղքը բարդել «հավերժ մեղավոր» Ռուսաստանի վրա:

– Իսկ ի՞նչ եք Դուք արել Ղարաբաղը փրկելու համար: Մեկ տարի առաջ ես ներկա եմ եղել Դոնբասի կամավորականների միության համագումարին: Մի քանի հազար մարդ պատրաստ էին ձեզ օգնության գալ: Բայց այդ պահին Հայաստանն ընդունեց վարձկանների մասին օրենքը, ինչի մասին նախազգուշացրեցին կամավորականներին: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակեցիք այն մարդկանց հոսքը, ովքեր պատրաստ էին արյուն հեղել հանուն Հայաստանի:

– Մենք մարդաքանակի խնդիր չենք ունեցել,- պատասխանում է Ալեն Սիմոնյանը:

Երբ ես ԱԺ նախագահի այս նախադասությունը վերարտադրեցի Ղարաբաղյան երկու պատերազմների վետերանի մոտ, վերջինս ցնցվեց՝ ասելով.

«Ես Շուշիի տակի բարձունքին միայնակ էի նստած: Զանգում եմ գումարտակի շտաբ, այնտեղ նույնպես միայն մեկ հոգի էր: Ես նրան ասում եմ՝ արի ինձ մոտ, այստեղ 3 գնդացիր կա, պատասխանում է՝ ես պիտի կապը պահեմ, ապա առհասարակ անհետացավ… Ես որդուս մոտ առաջնագիծ էի գնացել: Մինչև ծնկները խրամատում կանգնած էին մեկ ամիս առաջ զորակոչված զինվորներ, մինչ այդ մեկ անգամ էին կրակել»:

Թերևս Ալեն Ռոբերտովիչն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ ամեն ինչ այդքան տգեղ ու խայտառակ ավարտ ունեցավ Ղարաբաղում, ինչո՞ւ, օրինակ, այդ պարտության խորհրդարանական հետաքննություն չիրականացվեց: Բայց մի հարցազրույցի ընթացքում ԱԺ նախագահը հասցրեց 5 անգամ մեղադրել Ռուսաստանին: Այնպես, իմիջիայլոց: Ես դա ֆիքսեցի, հասկանալու համար»:

Հիշեցնում ենք՝ սա հատված էր ռուսական հեղինակավոր լրատվամիջոցի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից:

Հրապարակման վերջում, Դմիտրի Ստեշինը վերլուծելով հայ-ռուսական դարավոր շփումները ու Ռուսաստանի դերի նշանակությունը մեր պատմության այս կամ այն հանգրվանում,  գրել է.

«Ղարաբաղին ու Հայաստանին անխուսափելիորեն սպասում է այս պատերազմի «երկրորդ սերիան»: Եվ եթե դեռ այն տեղի չի ունեցել, սոսկ այն պատճառով, որ այստեղ կանգնած են ռուս խաղաղապահները»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս