Ինչո՞ւ է Երևանը դիմել Մոսկվային
Չնայած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ է առաջ քաշել, պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում խոսքից գործի է անցնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Նա նախ հիշեցրել է, որ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պատրաստակամություն էին հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, ուստի հայկական կողմը Կրեմլին է դիմել։
«Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Հունանյանը։
Մինչև այս պահը, ըստ արտգործնախարարի խոսնակի, Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Իսկ ավելի վաղ ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ պատրաստ են կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- ասել էր Միրզոյանը:
Ուշագրավն այն է, որ տարածաշրջանում թեժ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին նույնիսկ թույլ ռեակտիվ դիվանագիտություն վարող Փաշինյանի ԱԳՆ-ն որոշել է պրոակտիվ լինել գեթ մեկ ուղղությամբ, նախաձեռնողականություն ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների ուղղությամբ, անընդհատ նորանոր ուղերձներ հղելով Թուրքիայի իշխանություններին, անընդհատ նորանոր առաջարկություններ անելով պաշտոնական Անկարային, այս փուլում՝ դեռ միջնորդավորված:
Պատերազմից հետո ադրբեջանաթուրքական տանդեմը բոլոր ուղղություններով ցույց է տալիս, որ գնդակը Հայաստանի դաշտում է, ու քայլեր, հայկական կողմն է, որ պետք է անի:
Փաշինյանի իշխանությունն այս թեման հայ հասարակության համար «բացելու», քննարկելու պատասխանատվությունը սկզբում դրեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վրա, ով ամիսներ առաջ նախ չկարողացավ Թուրքիային անվանել թշնամի երկիր, ապա նաև ասաց, որ հայկական կողմի մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն:
Սրանով սկսվեցին Թուրքիայի հետ շփումներ, որոշակի եզրեր գտնելու ՀՀ իշխանությունների փորձերը՝ համեմված խոսքերով, թե Թուրքիան դրական ազդակներ է հղում: Դրան հաջորդեցին իշխանությունների արդեն բացահայտ ուղերձները, որ Հայաստանը պատրաստ է զրույցի Թուրքիայի հետ: Թուրքիայի նախագահը վերջերս նաև բացահայտել էր տեղեկատվություն, թե Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլիի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է արել:
Սակայն մինչ այդ իր ելույթներից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել էր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման իր տեսլականը, այն կապելով հայ-ադրբեջանական օրակարգերի հետ, ներկայացնելով թուրքական նախապայմանները:
Նա նախ ասել էր, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Էրդողանը հույս էր հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: Նա նշել էր, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար: Թուրքիայի նախագահն ընդգծել էր նաև, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին անընդհատ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խորհրդակցում են Ադրբեջանի հետ։
Վերջերս Թուրքիայի գլխավոր դիվանագետն ասել էր. «Այդ հարցերում Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում: Հայաստանից շատ դրական ուղերձներ եկել են, և ինչպես մենք նշել ենք, Երևանի դրական քայլերի դեպքում դրանց համապատասխան կպատասխանենք: Մենք Ադրբեջանի հետ միասին քննարկել ենք մեր հետագա քայլերը»:
Նա ավելացրել է, որ «Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Երևանը դեռևս դրական չի արձագանքել»՝ շեշտելով, որ «մեր բոլոր որոշումները Ադրբեջանի հետ միասին կկայացնենք»:
Այսինքն՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով, և անհասկանալի է, թե պաշտոնական Երևանը ինչ է պատրաստվում քննարկել Անկարայի հետ Մոսկվայի միջնորդությամբ, երբ հրապարակային նախապայմանները ներկայացվել են:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Երևանը վաղուց ու բոլոր ուղղություններով պետք է վարեր նախաձեռնողական քաղաքականություն, պետք է փորձեր ռազմական պարտությունը դիվանագիտական ակտիվությամբ «ծածկել», կամ դիվանագիտական հաղթանակներով փոխհատուցել: Սակայն, նրա խոսքով, դա տեղի չունեցավ:
«Մոսկվան նաև հրապարակային էր առաջարկել իր միջնորդական ջանքերը հայ-թուրքական գործընթացում: Ի վերջո, բոլոր խնդրահարույց ուղղություններով պետք էր բանակցություններ վարել՝ հաշվի առնելով իրավիճակը, ինչպես նաև ապաշրջափակման հեռանկարները, սակայն նաև հստակ դարձնել, թե ինչ դիրքորոշումներով է հայկական կողմը պատրաստվում առաջ շարժվել:
Երևանի հաշվարկն այն է, որ Անկարայի հետ կհաջողվի Ադրբեջանից անկախ լուծումների հանգել ինչ-որ թեմաների շուրջ Արևմուտքի աջակցությամբ, որին խիստ կասկածում եմ, քանի որ ուժեղ համակարգում կա Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Թուրքիան և Ադրբեջանը հստակեցրել են իրենց օրակարգերը՝ մաքսիմալիստական դիրքերից ելնելով, և բարդ իրավիճակ են տեղծել։ Նման առաջարկով Երևանը կարծես հույս ունի ինչ-որ դիրքորոշումներ բանակցել՝ նշելով, թե դրանք պետք է առանց նախապայմանների լինեն թուրքական կողմից։ Կարծես հայկական կողմն այլ նախապայման չի դնում, և միայն գործընթացի ընթացքում պարզ կդառնա՝ որքանով է ընդունելի Թուրքիայի առաջարկած ողջ փաթեթը Երևանի համար:
Բայց Թուրքիան իր ներկայիս իշխանությամբ ամենաբարդ տարածաշրջանային տերություններից մեկն է և յուրաքանչյուր քայլ Թուրքիայի հետ պետք է լավ մշակված լինի՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ Թուրքիան նույնիսկ մեծ երկրների հետ հարաբերություններում իր դիրքրոշումները դժվար է փոփոխում կամ գրեթե չի էլ փոփոխում: Ներկայումս կտեսնենք՝ արդյոք Անկարան կարձագանքի՞, երբ չկա առաջընթաց Խաղաղության համաձայնագրի և ապաշրջափակման թուրքական տեսլականի ուղղությամբ»,- ասաց նա: