Իշխանությունը սկսել է բավականին շոշափելի պարտվել. քաղտեխնոլոգ
«Կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագիրը, հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցքի տրամադրում թշնամուն. ահա այս կոչերով երեկվանից բողոքի ցույցեր են կազմակերպում հասարակական ու քաղաքական տարբեր կազմակերպություններ ու անհատներ: Նրանք իրենց շարժումն անվանում են «ազատագրական» շարժում:
Հիշեցնենք`168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ այս կոչերով քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներում փակել էին ճանապարհներ, ապա Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով ավարտել բողոքի միջոցառումը, այսօր արդեն շարժման ներկայացուցիչները իրազեկման երթ են կազմակերպել Երևանի բուհերում, որը կրկին կավարտեն Հանրապետության հրապարակում:
Անդրադառնալով հասարակական ըմբոստացման նոր ալիքին, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ տիտուլային ընդդիմության այլ ֆորմատով հանդես գալու պարագայում, երբ փողոցում որոշակի վակուում է առաջանում, քաղաքական և հասարակական սպեկտրը ներկայացնող տարբեր ուժերի համար շանս է ստեղծվում:
«Ու այս պարագայում, բնական է, որ կան ուժեր, որոնք փորձում են ալիք բարձրացնել՝ ընդ որում, այն դաշտում, որը կարծեք թե պահանջարկ ունի. այսինքն՝ փողոցում: Գիտեք՝ ընդդիմությանը շատ դեպքերում մեղադրում են, որ իրենք փողոցն ակտիվ չեն օգտագործում՝ սահմանափակվելով հիմնականում խորհրդարանական «հանրահավաքներով»:
Մենք ականատես ենք նոր ընդդիմադիր ֆորմատներ ձևավորելու փորձին: Ի դեպ, փորձ է արվում հասարակական հնարավորինս լայն սեգմենտներ ներքաշել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակության մի հատվածի մոտ առկա է նեգատիվ վերաբերմունք քաղաքականության, քաղաքական դաշտի, քաղաքական դերակատարների և ուժերի նկատամամբ: Հենց այս պատճառով է, որ փորձ է արվում այլ իմիջով ներկայանալ, ոչ այնքան քաղաքական, ինչքան հասարակական շարժման տեսքով»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղտեխնոլոգը:
Թե ի՞նչ հեռանկարներ ունի այս շարժումը՝ մեր հարցին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ հասարակության ակտիվ զանգվածը փոքր չէ, ապա վստահեցրեց, որ այդ զանգվածի հետ թիրախային աշխատանքը լուրջ արդյունքներ կարող է արձանագրել:
«Եթե դու մոտ 400 հազար ընդդիմադիրներից 10 տոկոսի հետ էլ կարողանաս ակտիվորեն աշխատել և այդ 10 տոկոսին անընդհատ կարողանաս խաղի մեջ մտցնել ու առաջնորդել, ապա, կարծում եմ՝ դա բավականին լուրջ զանգված է լինելու, որի «դեմ խաղ չի լինելու», որի դեմ կարմիր բերետներով ու նորացված ոստիկանությամբ միայն դիմադրել չի ստացվելու,- հավելեց նա՝ վստահեցնելով նաև, որ ճիշտ չեն այն հավաստիացումները, թե ժողովուրդը դեգրադացված է, ակտիվ չէ,- Կարծում եմ, մենք ունենք հասարակական սեգմենտ, որը բավականին պատրաստ է ակտիվության, և դա քիչ չէ. ուղղակի պետք է նրանց հետ թիրախավորված աշխատել՝ գուցե որոշակիորեն փոխելով մարտավարությունը, աշխատելով նորացված տեխնոլոգիաներով»:
Այս առումով քաղտեխնոլոգը կարևորեց նաև շարժմանն ուսանողների ու մտավորականության ներգրավումը:
«Եթե ուսանողությանը հնարավոր լինի շարժել, ապա իշխանության դիրքերն է՛լ ավելի կթուլանան: Ես ընդհանրապես համարում եմ, որ մենք անկախ Հայաստանի ամբողջ պատմության մեջ չենք ունեցել նման թույլ իշխանություն, որը հասարկության մեջ որևէ ինստիտուցիոնալ հենարան չունենա:
Ամբողջը դնել ընդամենը նախկիններ-ներկաներ հակադրության վրա՝ երկար չի կարող տևել, և ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքները ցույց են տալիս, որ ընտրություններից հետո անցյալ երեք-չորս ամիսն արդեն զգալիորեն փոխել են երկրում մթնոլորտը, որովհետև մարդիկ իրենց մաշկի վրա զգում են վտանգը, իրենց ստամոքսի վրա զգում են սոցիալ-տնտեսական վատթարացումը, ու բավականին ադեկվատ արձագանքում են: Ըստ էության, իշխանությունը սկսել է բավականին շոշափելի պարտվել»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: