Նիկոլ Փաշինյանի հենման կետը
Հայաստանի քաղաքական համակարգում առկա է լրջագույն ճգնաժամ, այդ մասին գիտեն ու խոսում են բոլորը, բացի քաղաքականությամբ զբաղվողներից։ Հենց այդ ճգնաժամի հետևանքն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ պետությանն ու հանրությանը հասցրած բոլոր հարվածներից ու աղետներից հետո դեռևս շարունակում է պահպանել իշխանությունը, ինչը հնարավոր չէր լինի նորմալ, մրցունակ քաղաքական համակարգի առկայության դեպքում։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության աղբյուրը ոչ միայն նրա մոլորեցրած 680 հազար քաղաքացիներն են ու քվեարկությանը չմասնակցած 800 հազարը, այլ նաև քաղաքական համակարգի ճգնաժամը, դրանում համարժեք օրակարգերի բացակայությունը։ Դա նշանակում է, որ քաղաքական համակարգի ճգնաժամի ոչ միայն չհաղթահարումը, այլ նաև ավելի խորացումը բխում է առաջին հերթին՝ իշխանության, Նիկոլ Փաշինյանի շահերից, և վստահաբար վերջինս ջանք չի խնայում այդ ուղղությամբ։
Քաղաքական համակարգի ճգնաժամի ամենագլոբալ պատճառը, թերևս, այն է, որ այն մեծ իմաստով կտրված է հանրությունից, չի սպասարկում նրա շահերը, իր օրակարգերը չի ձևավորում հանրության հետ երկխոսության արդյունքում։ Քաղաքականությունը, իհարկե, տարբերվում է բիզնեսից, և այնպես չէ, որ դրանում գործում է դասական շուկայական առաջարկ-պահանջարկի կանոնը։
Քաղաքականության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հաճախ ոչ թե քաղաքականությամբ զբաղվողներն են գնում պահանջարկի հետևից, այլ իրենք են իրենց առաջարկներով գեներացնում քաղաքական պահանջարկ։ Բայց դա բացարձակ կանոն չէ և ոչ միայն չի բացառում քաղաքական սուբյեկտների կողմից հանրային պահանջարկին հետևելու հնարավորությունը, այլ շատ դեպքերում դա ուղղակի անհրաժեշտ է դարձնում։
Բայց քանի որ քաղաքական համակարգի և հանրության միջև հաղորդակցությունը գրեթե բացակայում է կամ խցանված է անթույլատրելի աստիճանի, քաղաքականությամբ զբաղվողների ու քաղաքացիների միջև առաջացել է անդունդ, վակուում, որը լցվում է աղմուկով, մարգինալ քաղաքական առաջարկով, ինչը կարող է նաև գայթակղիչ թվալ հասարակության համար։
Քաղաքական համակարգի այսօրվա ճգնաժամի պատճառներից մեկն այդպիսով այն է, որ քաղաքականությունը ձևավորվում է կուսակցական գրասենյակներում՝ առանց հասարակության հետ համապատասխան կոմունիկացիայի, և այդ գրասենյակային օրակարգն արդեն իմպերատիվ կերպով ներկայացվում է հանրությանը՝ վերջինիս պասիվության դեպքում նրան ուղղված մեղադրանքների ստանդարտ բառամթերքով։
Հանրային զարկերակից կտրվածությանը զուգահեռ՝ քաղաքական համակարգը չափազանց զգայուն է արտաքին ուժային կենտրոնների հարցում և առաջնորդվում է իր օրակարգերը ոչ թե, առաջին հերթին, հանրության հետ համաձայնեցնելու, այլ արտաքին հավանումների արժանացնելու սկզբունքով։
Հանրությունից կտրվածությանը հակադարձ համեմատական կարգով քաղաքական համակարգը կապված ու կախված է արտաքին կենտրոններից ու զարգացումներից, ինչը հանրության կողմից ըստ էության արժանանում է համարժեք վերաբերմունքի։
Դրանից ամենաշատն օգտվում է Նիկոլ Փաշինյանը, ում իշխանությունից հեռացնելուն էլ հռչակագրային մակարդակում ուղղված է քաղաքական համակարգի գործունեությունը։ Հենց դա է շատերին ստիպում չբացառել, որ ինչպես քաոսը, այնպես էլ ընդհանրապես ճգնաժամերն ու, մասնավորապես, Հայաստանի քաղաքական ճգնաժամը, կառավարելի են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հարություն Ավետիսյան