Փաշինյանից՝ Ալիևին
Քաղաքականությունը նաև, իսկ իրականում՝ առաջին հերթին ուղերձների, դրանց փոխանակման արվեստ է։ Հատկապես արտաքին քաղաքական հարաբերություններում պետությունների այս կամ այն դիրքորոշումն արտահայտվում է ոչ այնքան ուղիղ հայտարարությունների, այլ հարակից իրադարձությունների տեսքով, որոնք իրենց մեջ բովանդակային ուղերձներ են պարունակում։ Ահա այս հարթությունում Նիկոլ Փաշինյանն ամենօրյա շփման մեջ է Իլհամ Ալիևի հետ՝ ուղիղ կապով կամ դրա բացակայության պայմաններում։
Այն օրերին, երբ փաստացի պատերազմը տեղափոխվել է Հայաստանի տարածք, երբ Սյունիքում կամ Հայաստանի այլ հատվածում ցանկացած պահի կարող է իրավիճակը բռնկվել, ու երբ նաև այս իրադարձությունների ֆոնին Արցախի հարցն ընդհանրապես մղվել է երկրորդական պլան, Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է հրավիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրա իրավական կողմը քննարկելն ուղղակի ծիծաղելի է, քանի որ իշխանության բազմակի օգտագործման ցուցմունքատուի պատմածով հարուցված այդ քրեական գործն իրականում իրավական կողմ չունի, այն ամբողջությամբ քաղաքական է։
Բայց եթե անգամ այդ գործն ունենար իրավական հիմնավորումներ, որքանո՞վ է քաղաքականապես արդարացված՝ այս փուլում որպես մեղադրյալ ներգրավել մի մարդու, ով կյանքի մի մասը տվել է Արցախի ազատագրմանը, մնացած մասը՝ Արցախի անվտանգությանն ու ինքնորոշման ճանաչմանը։ Այո, իր նախագահության օրոք եղել են բազմաթիվ սխալներ, արատներ ու դատապարտելի երևույթներ, բայց նրա ղեկավարման կումուլյատիվ գնահատականը ոչ թե կոռուպցիայի մակարդակն է կամ փռված ասֆալտի որակը, այլ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը՝ իշխանության տասը տարիներին ու դրանից հետո, հետևողականորեն ներկայացրել և ներկայացնում է «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը, որը Ալիևի ու ադրբեջանական քարոզչության կողմից որակվում է՝ որպես ռևանշի փորձ։
Ահա, ուրեմն, քրեական հետապնդում նախաձեռնելով Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն հետապնդում է իրականացնում նաև այդ թեզի նկատմամբ ու Ալիևին հասկացնում է՝ «Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»։ Սա է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննության հրավիրելու հիմնական քաղաքական ուղերձը, որ փոխանցվում է Փաշինյանից՝ Ալիևին։ Միջնորդի կողմից, թե առանց միջնորդի, տվյալ դեպքում խիստ անէական է։
Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանին այդ հանգամանքն առհասարակ չի կարող վախեցնել. «Եթե ինձ ձերբակալելով՝ մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ապա թող ձերբակալեն»,- բազմիցս հայտարարել է նա:
Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող այս գործընթացն իշխանության ընդհանուր վերաբերմունքի մի մասն է միայն։ Ավելի գլոբալ իմաստով, ամենատարբեր ձևերով ու տարբեր դրսևորումներով Նիկոլ Փաշինյանն օրգանական ատելություն է տածում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որևէ առնչություն են ունեցել Արցախի ազատագրմանը, ինչի վկայությունն է իշխանությունների անհատական ու հավաքական ատելությունը նաև Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Երեքն էլ՝ իրենց նախագահության ամենատարբեր արատներով ու թերություններով հանդերձ, արել են առավելագույնն Արցախի ազատագրման ու անվտանգության պաշտպանության համար։
Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է բոլոր երեքի երեսնամյա աշխատանքը և հիմա ցանկանում է Ալիևի հետ հարաբերությունները սկսել սեփական էջից։ Կամ զրոյական կետից, ինչպես սիրում են ասել նա և իր թիմակիցները։ Այս իմաստով բոլորովին պատահական չէր Փաշինյանի թիմակցի՝ Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե «թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը»: Այդ եղկելի խոսքերն այսօր ՀՀ-ում իշխող ուժի կարգախոսն է:
Քաղաքականությունն ուղերձների արվեստ է։ Հայաստանը հիմա Ալիևին, բայց նաև աշխարհին ուղերձ է հղում այն մասին, որ դելիմիտացնում ու դեմարկացնում է պետության պատմությունը՝ սահմանազատելով հաղթական անցյալը պարտվողական ներկայից ու անարժանապատիվ ապագայից։
Ռոբերտ Տեր-Սարգսյան