Բաժիններ՝

Չենք կանգնի` լացի, թե՝ այս ի՞նչ եղավ, կրկեսը մեռավ, բայց առանց կենդանիների կրկեսը նման է նրան, ոնց որ ճաշի աղը պակաս լինի. Սոս Պետրոսյան

Կառավարությունն առաջարկում է օրենքով արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանի կարծիքով՝ եթե ուզում ես լուրջ կրկեսային համար ցույց տալ, ապա առանց կենդանիների այն չի լինի:

Նա մեզ հետ զրույցում հիշեցրեց ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանի մասին, ով սկզբում աշխատել է ատրակցիոնում՝ մոտոցիկլով 60 կմժ արագությամբ բարձրացել է պատի վրա, այնուհետև Համամիութենական պետկրկեսի ղեկավարությունն Իսահակյանին առաջարկել է գլխավորել կենդանիներով ատրակցիոնը, և 1958 թվականին նա ստեղծել է «Էկզոտիկ կենդանիների ծիծաղաշարժ խումբը» ատրակցիոնը:

Համարում մասնակցում էին գետաձիեր, այծեղջյուրներ, շիմպանզեներ, վիշապ և թռչուններ (թութակներ, ճնճղուկներ, սիրամարգեր, արագիլներ)։ Իսահակյանը ԽՍՀՄ-ում առաջինն է եղել, ով սկսել է աշխատել գետաձիերի հետ։

«Ու եթե այդ ամենը չլիներ կրկեսային ծրագրում, անհնար էր պատկերացնել այլ բան: Այսինքն, եթե լավ ատրակցիոն է, ճիշտ բեմադրված, ու վերաբերմունքն էլ ճիշտ է կենդանիների հանդեպ, դա շատ հետաքրքիր ժանր է: Առանց կենդանիների, օրինակ, ես չեմ պատկերացնում, որ կրկեսը լիարժեք կլինի: Աշխարհի ամենահայտնի կրկեսներից մեկը՝ կանադական «Cirque du Soleil»-ն, մոտ երկու տարի առաջ Մոսկվա էին գնացել հյուրախաղերի, մի երկու օր մարդիկ գնացին, հետո՝ ոչ, որովհետև կենդանի չկար: Ես կողմ եմ լավ կենդանավարժությանը, որն էսթետիկական հաճույք կպատճառի երեխաներին: Կենդանավարժությունն ունի իր համակարգը: Ես, օրինակ, դեմ եմ, որ կենդանավարժությունը կրկեսից լրիվ հանվի: Կողմ եմ՝ կենդանավարժների հետ գեղեցիկ համարներ ցույց տալուն: Կենդանավարժության տարրեր անպայման պետք է լինեն:

Իմ թեզում, որը միակն է՝ նվիրված կրկեսին, ես ապացուցել եմ, թե կենդանիներն ինչ կարևոր դեր են խաղում կրկեսային ներկայացման մեջ: Իհարկե, կարող ենք առանց կենդանիներ ծրագրեր բերել, եթե թույլ չտան՝ չենք կանգնի՝ լացի, թե՝ այս ի՞նչ եղավ, կրկեսը մեռավ: Ո՛չ, կլինի կրկես: Բայց առանց կենդանիների կրկեսը նման է նրան, ոնց որ ճաշի աղը պակաս լինի: Գիտեք, ժամանակին ես հաճախ էի տեսնում՝ տոմսարկղում մարդիկ միշտ տոմս գնելիս հարցնում էին՝ կենդանիներ կա՞ն, ու նոր գնում էին տոմսը»,- նշեց Սոս Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս