COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա. ՄԻՊ

Լսենք երեխաներին, սովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ ու առաջնային դարձնենք երեխայի լավագույն շահը. ուղերձ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը: Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար ևս մեկ առիթ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց բախվում են երեխաները:

Մենք կհաջողենք միայն այն ժամանակ, երբ կստեղծենք երեխայի կարիքներին համապատասխան արժանապատիվ ներառական միջավայր, կբացահայտենք երեխայի կարողությունները, կսովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, կլսենք ու կհարգենք երեխայի կարծիքը: Այս կենսական ճանապարհին ծնողները, պետությունն ու հասարակությունը պետք է գործեն՝ իրար օգնելով:
Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը:

Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար:
Ես մշտապես նշել եմ, որ չկա երեխայի համար լավագույն միջավայրը ընտանիքում ապրելն ու դաստիարակվելն է: Հետևաբար, ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական: Հաստատությունից տուն վերադարձած երեխան պետք է իր մեջքի հետևում զգա նաև պետության աջակցությունը:

COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա (տեղահանված, կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն) և հետևանքների վերացումը դեռ տևական աշխատանք է պահանջելու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշատակազմը հետևողական աշխատանքներ ենք կիրականացնում նաև այդ ուղղությամբ:

Երաշխավորելով երեխաների իրավունքները ողջ ծավալով՝ մենք ստեղծում ենք ավելի ուժեղ, ներառական և բարձր արժեքներ ունեցող հասարակություն:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս