Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին մտցնել համապետական կարանտին
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:
«Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ: Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները»,-նշել է Արտակ Բեգլարյանը:
Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Արտակ Բեգլարյանն առանձնացրել է առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝
- Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
- Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:
- Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:
- Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:
- Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:
- Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեսթ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:
Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի հնարավոր լինի տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել բնականոն կենսագործունեությունը:
«Պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով»,-նշել է Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից պահանջում է առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում: