Ալիևն ու Փաշինյանը երկխոսությունը ռուսական հարթակից տեղափոխում են արևմտյան. դա կարող է կապ ունենալ Բաքվի առաջ քաշված նոր՝ դեռևս անհայտ պայմանների հետ. Տարասով
Եվրոպական խորհրդի հայտարարությունն այն մասին, որ կառույցի ղեկավար Շառլ Միշելին հաջողվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում հասնել նրանց համաձայնությանը դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ-«Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակում անմիջական հանդիպման հարցում, առաջին հայացքից որպես սենսացիա է ընկալվում: Այս մասին գրում է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ դա կլինի երկրների ղեկավարների երրորդ դեմառդեմ հանդիպումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Երկու նախորդ հանդիպումն իրականացվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
«Ինտրիգն այստեղ այն է, որ բոլոր նախանշաններով նրանց երրորդ հանդիպումը՝ նվիրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցին, նույնպես նախատեսվում էր իրականացնել Մոսկվայում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հերքում, ոչ հաստատում էր այդ տեղեկությունը»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մոսկվայում, իբրև թե, նոր փաստաթղթերի ստորագրում էր նախատեսվում սահմանագծման վերաբերյալ, թեև Երևանը հերքում էր դա:
Ինչպես գրում է փորձագետը, տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանն այլընտրանքային գործընկերների է փնտրում բանակցային գործընթացում: Այդ տպավորությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ առաջին հերթին, Երևանում ակտիվացան ընդդիմության բողոքի ակցիաները, երկրորդ հերթին, երբ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանին, որոնք «դադարեցնել ստիպված եղավ, ինչպես միշտ, Ռուսաստանը»:
Այնուհետև հաջորդեցին արտասովոր իրադարձություններ: Փարիզում Ֆրասիայի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի) ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջնորդությամբ կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Իրավիճակի արտասովոր լինելն արտահայտվում է նրանով, որ Բաքուն պատերազմից հետո պահանջում էր ԵԱՀԿ ՄԽ մանդատի և նախկին բանակցային օրակարգի փոփոխություն:
«Այդ իսկ պատճառով այն, որ Ալիևը որոշել է այնուամենայնիվ ընդունել Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, կարող է առնչություն ունենալ իր կողմից առաջ քաշված ինչ-որ նոր, դեռևս անհայտ պայմանների հետ: Նման համատեքստում ղեկավարների նախատեսվող հանդիպումը Բրյուսելում ընկալվում է որպես բանակցային գործընթացը ռուսականից արևմտյան հարթակ տեղափոխելու «ֆրանսիական գծի» շարունակություն»,- գրում է քաղաքագետը՝ հավելելով, որ դրանից հարց է բխում, թե ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանը բելգիական մայրաքաղաքում:
Այս առումով Եվրոպական խորհուրդը բավարարվում է ընդհանուր արտահայտություններով, ինչպես օրինակ՝ «կքննարկեն տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունների հաղթահարման ուղիները՝ հանուն Հարավային Կովկասի բարգավաճման և կայունության»: Դժվար թե հարց բարձրացվի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, քանի որ առանց Մոսկվայի մասնակցության տվյալ հարցի քննարկումը բարդ է: Ըստ Տարասովի՝ Բաքվում կարծում են, որ դեռևս պարզ չէ, թե որ խորհրդային քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը: Ադրբեջանական կողմը ցանկանում է օգտագործել ԽՍՀՄ քարտեզները, որոնք գործել են մինչև 1929 թվականը, որոնց համաձայն՝ Զանգեզուրը Ադրբեջանի ԽՍՀ-ի մի մասն էր:
Տարասովի կարծիքով՝ առաջին հերթին, կորոշվեն երկու երկրի միջև ապագա խաղաղ պայմանգրի չափորոշիչները և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հավանականությունը:
«Ինչպես տեսնում ենք, խոսքը բարդ հարցերի մասին է, որոնք կարգավորել հնարավոր կլինի միայն խաղաղության ձգտելու ընդհանուր գործոնի առկայությամբ: Դեռևս, եթե վերադառնանք Բելգիայում կայանալիք հանդիպմանն Ալիևի և Փաշինյանի միջև, դրա արդյունավետության մասին հնարավոր կլինի դատել ըստ այն հանգամանքի, որ կողմերը սկսեն պատրաստվել գագաթնաժողովին և թե ինչպես կգործեն այդ ուղղությամբ միջնորդները»,- եզրափակում է քաղաքագետը՝ մեջբերելով ֆրանսիական La Croix պարբերականին. «Փարիզը հնարավորություն է ստացել կատարելու իր կարևոր պարտականությունը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, և ձախողումից փրկելու համաշխարհային դիվանագիտությունը»: