«30 տարի Սյունիքը նման բան չէր տեսել». Իշխանասարի գյուղապետ

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում թշնամու ռազմական ագրեսիայից հետո, տեղի սահմանամերձ գյուղերն անցել են իրենց առօրյային։

168.amի հետ զրույցում Իշխանասար գյուղի ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է։

«Կրակոցներ չկան, թշնամուց այս պահին ձայն ու ծպտուն չի գալիս։ Ռազմական ագրեսիայի օրը չորս ժամ շարունակ մենք գյուղում կրակոցների ձայները լսում էինք։ 30 տարի Սյունիքը նման բան չէր տեսել, նման բան չի եղել, խաղաղ ապրել ենք, բայց այդ չորս ժամը կարծես մեր սարերը դարձել էին պատերազմի թատերաբեմ, խոսքը մեր Սիսիանի տարածաշրջանի մասին է»,- նշեց Մարատ Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհներին, գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղը խոշորացված է, և եթե որևէ խնդիր է առաջանում, ապա համայնքապետն է գնում մարզկենտրոն, և այսքան ժամանակ դեռ որևէ խնդիր չի եղել։

«Պարենային խնդիր չունենք, շրջկենտրոնն էլ 6-7 կմ հեռավորության վրա է։ Ուղղակի գյուղը գտնվում է սահմանի վրա, դեպի Իշխանասար 15-20 կմ է։ Մենք մեզ անվտանգ ենք զգում մեր զորքով, իրենք նստած են, ես իրենց ցավը տանեմ»,- ասաց Մարատ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին թշնամին Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի արդյունքում հայկական կողմն ունի գերեվարված, անհետ կորած և զոհված զինվորներ։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս