
Լեհաստանը հայտնել է փախստականների կողմից Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու զանգվածային դեպքերի մասին

Լեհաստանի իրավապահները հայտնաբերել ու տեղեկացրել են նախորդ գիշեր Բելառուսի տարածքում գտնվող փախստականների տարբեր խմբերի կողմից սահմանն ապօրինի հատելու նոր դեպքերի մասին: Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
«Կրկին հարձակումներ են եղել լեհական սահմանի վրա: Ներկայում փախստականները փոքր-ինչ այլ ռազմավարություն են որդեգրել. փոքր խմբերով փորձում են հատել սահմանը տարբեր ու ավելի շատ վայրերից: Պետք է նախապատրաստվենք, որ այս խնդիրը դեռ ամիսներ շարունակվելու է: Պատրաստ ենք հետ մղելու այդ հարձակումները»,- ասել է նախարարը՝ կարծիք հայտնելով, որ փախստականները կառավարվում են բելառուսական ծառայությունների կողմից:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունից տեղեկացրել էին, որ սահմանն ապօրինի հատելու փորձ ձեռնարկած ամենամեծ խումբը բաղկացած է եղել 200 փախստականից: «Օտարերկրացիներն ագրեսիվ են եղել, նետել են քարեր, կիրառել են արցունքաբեր գազ»,- «Թվիթեր»-ում հայտնել են սահմանապահ ծառայությունից:
Սահմանապահների տվյալներով՝ նոյեմբերի 19-ին գրանցվել է սահմանն ապօրինի հատելու 195 դեպք, ձերբակալվել է 5 օտարերկրացի: