Բաժիններ՝

Ռեժիսոր Մարիամ Հարությունյանը հանդիսատեսի դատին հանձնեց «Շեքսպիրյան տրիլոգիա» ներկայացումը

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում երիտասարդ ռեժիսոր Մարիամ Հարությունյանը թատերասերներին ներկայացրեց «Շեքսպիրյան տրիլոգիա» բեմադրությունը:

Հանդիսատեսն այն դիտեց նոյեմբերի 19-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

«Շեքսպիրյան տրիլոգիան» անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է: Այն ընդգրկված է փառատոնի «FestOff» ծրագրում, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի ուսանողների և անկախ թատերախմբերի համար:

Մարիամ Հարությունյանը սիրում է ժամանակակից լուծումներով ներկայացումներ, միքսեր: Շեքսպիրին հանճարեղ դրամատուրգ է համարում և կարծում, որ նրա գործերը պետք է նոր շնչով բեմադրել, նոր մոտեցումներով ու լուծումներով: «Ըստ իս՝ համաշխարհային դրամատուրգիայում կանայք հաճախ չէ, որ գլխավոր կերպարներ են, այնինչ հատկապես շեքսպիրյան գործերում կարևոր իրադարձությունների կիզակետում են, բայց առավել խոսում ենք Ռոմեոյի, Մակբեթի, Օթելլոյի և այլ հերոսների մասին: Որոշեցի այս ներկայացմամբ արժևորել կին կերպարներին, իսկ սերն էլ բոլոր ժամանակներում կարևոր թեմա է և երբեք ձանձրալի չի լինի, ուստի Շեքսպիրի բազմաշերտ ստեղծագործություններից սիրո շերտն ընտրեցի»,-պատմում է ռեժիսորն ու ասում, որ հերոսներին կապում է հեղինակ-ուրվականի կերպարը, որը միավորում է Ջուլիետին, Դեզդեմոնային, Լեդի Մակբեթին:

Մարիամ Հարությունյանն ընտրել է վերոնշյալ կանանց կերպարները, քանի որ Դեզդեմոնան ու Ջուլիետը սերը գրեթե նույն կերպ են արտահայտում, իսկ Լեդի Մակբեթը դաժան կերպար է, որը ցույց է տալիս բոլոր տեսակի սերերը:

Ներկայացման մեջ զբաղված են Անժելա Պողոսյանը, Էմմա Ազիզյանը, Անահիտ Խաչատրյանը և Հովհաննես Դիշչյանը:

Ռեժիսորը հույսի ունի առաջիկայում բեմադրությունը ներկայացնել տարբեր հարթակներում: Նույն կազմի հետ նոր ներկայացումներ բեմադրելու գաղափարներ ևս կան:

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնը հյուրընկալել է 7 երկրից ավելի քան 100 մասնակիցների և հյուրերի՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Փառատոնին երևանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվում է շուրջ 15 ներկայացում:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը հռչակավոր եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016 թվականից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս