
Պեկինի Օլիմպիական խաղերում մենք առնվազն 3-4 մասնակից կունենանք. Գագիկ Սարգսյան

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա առնվազն 3-4 մասնակից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Միջազգային ֆեդերացիան փոխել է Օլիմպիական խաղերին վարկանիշային քվոտաների տրամադրման ձևը: Այժմ 63 պետությունների շարքում մեր երկիրը 31-րդն է: Մեր այս տեղով մենք ունենք առնվազն 2-3 ուղեգիր, սակայն այս տեղերը փոփոխական են: Մենք քայլ-քայլ առաջադիմում ենք, եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում գոնե 30-ի մեջ մտնել, ապա իսկապես մեծ ձեռքբերում կլինի: Բայց այս տարին` համավարակով պայմանավորված, շատ խիտ գրաֆիկ ունի, քանի որ նախորդ տարվա մրցաշարերն անցկացվում են հիմա»,-ասաց նա:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` Հայաստանը գոնե մեկ մասնակից կունենա լեռնադահուկային ձևում, որին ըստ ամենայնի կլինի Հարություն Հարությունյանը:
«Պեկինի Օլիմպիական խաղերում մենք առնվազն 3-4 մասնակից կունենանք երկու ձևում` դահուկասպորտի և լեռնադահուկի»,- ասաց Սարգսյանը: