Սյունեցի համայնքապետերին ու վարչական ղեկավարներին հրահանգվել է լրատվամիջոցների հետ «ավել-պակաս» չխոսել ու չբողոքել
2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում, այս մասին նա անձամբ է հայտարարել ԱԺ ամբիոնից, Սյունիքի մարզում հայկական զորքերը հետ քաշվեցին 100-150 կմ հետ, բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում, քանի որ բոլոր բարենպաստ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները։
Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ սյունեցի բազմաթիվ համայնքապետեր, գյուղապետեր բարձրաձայնում էին, որ խաղաղ բնակիչները թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Բոլորի դաշտերը, վարելահողերը մնացել են թշնամու հսկողության տակ, մարդիկ կորցնում են իրենց ապրուստի միջոցը։
Շատ համայնքապետեր և գյուղապետեր էլ անընդհատ լրատվամիջոցների հետ զրույցում բարձրաձայնում էին թշնամու սադրիչ գործողությունների մասին, հաճախ հանրությունը նրանցից էր իմանում, որ թշնամին այս կամ այն գյուղից անասուն է գողացել, անկանոն կրակել է և այլն։ Միայն նրանց բարձրաձայնելուց հետո էր տարածվում պաշտոնական հաղորդագրություն տեղի ունեցածի վերաբերյալ։
Նոյեմբերի 16-ին, երբ Սյունիքի մարզում թշնամին դիմել էր ռազմական ագրեսիայի, գրեթե բոլոր գյուղերի վարչական ղեկավարների հրահանգ է իջեցվել «ավել-պակաս լրատվամիջոցների հետ չխոսել»։ Նրանց այս ամենը հրահանգվել է տարբեր խողովակներով և առանց բացատրության։
168.am–ի հետ զրույցում գյուղապետերից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ տարբեր մարդիկ իրենց ասում են, որ որևէ լրատվամիջոցի տեղեկատվություն չտան, թե ինչ է կատարվում Սյունիքում, և չբողոքեն ստեղծված իրավիճակից:
«Գուցե կառավարությունն է իրենց նման բան ասել կամ ՊՈԱԿ-ՄՈԱԿ-ներից են ասել, որ մեզ փոխանցեն՝ չխոսենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Սյունիքի մարզում արդեն երկու մաքսակետ է դրել՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն ճանապարհին՝ սահմանային ու մաքսային վերահսկողություն իրականացնելու համար։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախ այս մասին հայտարարեց, հետո էլ նշեց, որ իր տրամաբանությունն իրեն հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի գումար թշնամուն վճարելուց հետո հավանաբար կկարողանան անցնել այդ ճանապարհով։