
Միգրանտները լքել են բելառուսա-լեհական սահմանի «Բրուզգի» անցակետը

«Բրուզգի» անցակետի շրջանում ոչ մի միգրանտ չի մնացել: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փախստականների մի մասն անցել է տրանսպորտա-լոգիստական կենտրոն, որտեղ բելառուսները նրանց համար գիշերելու տեղ են տվել, մի մասը վերադարձել է անտառում խփված տարերային ճամբար:
Հանրապետական Կարմիր խաչի տվյալներով՝ այդ կենտրոնում տեղավորվել է ավելի քան հազար մարդ: Ավելի վաղ Վարշավայում հայտարարել են, որ գիշերը միգրանտները կրկին փորձեր են արել հարթահարել սահմանապահ ջոկատը: Ամռանը Լեհաստանի եւ Մերձբալթյան երկրների հետ Բելառուսի սահմանին ավելացել է Մերձավոր Արեւելքից եր Աֆրիկայից փախստականների հոսքը, որոնք փորձում են թափանցել Արեւմտյան Եվրոպա: Իրադրությունը սրվել է նոյեմբերի 8-ին, երբ արգելափակոցների մոտ հավաքվել էր ավելի քան երկու հազար մարդ:
Նրանք ճեղքելու մի քանի փորձ են ձեռնարկել, բայց լեհերը կիրառել են արտասվաբեր գազ եւ կանգնեցրել սահմանն անցնել ցանկացողների մեծ մասին: Դրանից հետո միգրանտները տարերային ճամբար են խփել Գրոդնենի մարզի «Բրուզգի» անցակետից ոչ հեռու: Նոյեմբերի 15-ին շուրջ 3,5 հազար մարդ ճամբարից շարժվել է դեպի անցակետ եւ տեղավորվել «հենց սահմանագծին»: Մյուս կողմից կենտրոնացվել են լեհ զինվորականներ եւ հատուկ տեխնիկա: Արեւմուտքը Մինսկին մեղադրել է միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»