«Եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու միջազգային այլ գործընկերներին դիմելու»․ Արմեն Գրիգորյան

«Այսօր ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություն են սկսել Հայաստանի արևելյան ուղղությամբ և ամբողջ սահմանի երկայնքով փորձել են սրել իրադրությունը»,- այսօր Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են գտնվում մայիսի 12-ից սկսած, իսկ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելով․

«Ադրբեջանցիները փորձել են օգտագործել նաև Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը, ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային  ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում․․․ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ գործողություններ եք ակնկալում Ռուսաստանից, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը, այս առումով մենք մեր դաշնակցին ենք դիմում, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնենք ՀՀ պետական սահմանի ամբողջականությունը․․․ Եթե հնարավոր լինի այս ճգնաժամային վիճակը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել բանակցային, եթե բանակցային ճանապարհով հնարավոր չի լինում լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծի․․․»։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարում նաև ՀԱՊԿ-ին դիմելու ուղղությամբ․

«Իհարկե, մենք մայիսին սկսված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամը լուծենք․ բավարար ջանքեր չի գործադրվել խնդիրը լուծելու, բայց մենք շարունակելու ենք աշխատել, քանի որ նաև ՀԱՊԿ-ի նախագահությունն այժմ գտնվում է Հայաստանի ներքո, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս՝ որևէ անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկեն»։

Հարցին՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի նախկին չեզոք արձագանքը, Հայաստանը դիտարկո՞ւմ է միջազգային այլ գործընկերներին դիմելու և հատկապես ո՞ր գործընկերներին դիմելու հեռանկարը․

«Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերներին դիմելու, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք, բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հանրավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, առաջնային դրանք գործարկել․․․»։

Թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս գործողությունները, ԱԽ քարտուղարն ասաց․

«Վերջին շրջանում Ադրբեջանը չստանալով իր ցանկությունները, այնպիսի ցանկություններ, ինչպիսին է միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը, նույնիսկ այլ ուղղությամբ՝ ապաշրջափակման ուղղությամբ․․․ Երբ Ռուսաստանի Դաշնության կողմից հրապարակվեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ գործողություն չի լինելու, դրան հետևեցին Կապան-Գորիս ճանապարհի հատվածների՝ սկզբից փակումը, այնուհետև՝ մաքսակետեր տեղադրելը, դրան հետևեցին նաև սահմանային լարումները։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը փորձում է խաղաղության այն գործընթացը կամ կայունության այն գործընթացը, որ ընթանում է, ամբողջովին ապակայունացնել և տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»։

Հարցազրույցի ավարտին ԱԽ քարտուղարը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահի կողմից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

«Վարչապետ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին․․․ Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք՝ որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»։

Տեսանյութեր

Լրահոս