«Հետո ինձ թույլ չտվեցին գնամ, ասացին, որ թուրքերն արդեն կրակում են». Շուշիի քաղաքապետ
2020թ․ նոյեմբերի 8-ին, երբ թշնամին արդեն մտել էր Շուշիի, Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Մինչդեռ Բաքվի փողոցներում արդեն տոնում էին Շուշիի գրավումը, այդ մասին էին վկայում տարբեր ալիքներում հայտնված տեսանյութերը։
Մինչ հայ հանրությունը հավատալով հաղորդվող տեղեկատվությանը, սպասում էր, որ գոնե Շուշիում հայկական կողմը բեկում կմտցնի իրավիճակի մեջ, Արցախի Հանրապետության նախագահի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոյեմբերի 8-ին՝ կեսօրից հետո, գրեց Շուշիի անկման մասին. «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։
168.am–ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Շուշիի անկմանը և դրա հետ կապված բազմաթիվ հարցերի, որոնց պատասխանները մինչև օրս չկան, ասաց, որ Շուշիի անկումից մեկ տարի հետո էլ իր համար բոլոր գործողությունները մնում են չբացահայտված։ Մինչ օրս չի ստացել գլխավոր երկու հարցի պատասխաններ՝ ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին հասավ անառիկ բերդ Շուշի, և ո՞վ է ստանձնել Շուշիի ինքնապաշտպանության հրամանատարությունը։
«Շուշիի անկման պատճառներից էր անկազմակերպվածությունը, պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել։ Եթե Շուշիի պաշտպանության մարտերը ճիշտ կազմակերպեին, իհարկե, հետո չէին հանձնելու։ Հետո էլ Շուշիի պաշտպանությանը կանոնավոր բանակ չմասնակցեց, չպահեցին դիրքերը։ Դե, այս ամենն էլ դարձավ Շուշին հանձնելու պատճառ։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում հետաքննություն չի իրականացվել և պարզաբանումներ չեն ներկայացվել։
Ո՞վ գիտի, ո՞վ է կազմակերպել Շուշիի պաշտպանությունը, ո՞ւմ վրա է եղել գրված հրամանը, որպեսզի պաշտպանի քաղաքը։ Եթե հրամանը գրված է եղել, ուրեմն այն Գլխավոր շտաբում ու Պաշտպանության բանակում կամ նախարարությունում պետք է լինի։ Դե, չեն բարձրաձայնում, մենք էլ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը։
Ես որևէ բան պատահական չեմ համարում, պատահական չէր, որ Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին, պատահական չէր, որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը։ Ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպված, մենք 1992 թվականին որոշել էինք, երբ ազատագրենք Շուշին, այնպես էինք արել, որ եռատոն նշենք, Ադրբեջանն էլ էր նման կերպ պլանավորել և հասել է իր ուզածին»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Ըստ նրա, եթե Շուշիում կանոնավոր զորք լիներ, նրանց օգնության կգնար աշխարհազորը, ՄՈԲ-ը, բայց այնտեղ զորք չի տեսել, հակառակը՝ աշխարհազոր է եղել, որտեղ ինքն է եղել, տեսել է մոտ 20 հոգի՝ առանց հրամանատարի, այդպես չի լինում։
«Ես նոյեմբերի 5-ին եմ դուրս եկել Շուշիից, ժամը 4-ին լեռնաշղթայից իջել եմ ապաստարան, որպեսզի փամփուշտ, ջուր, սնունդ բարձրացնեմ, իջնելուց հետո մեքենաս որոշ անսարքություն ունեցավ։ Մեքենա սարքողը քաղաքում էր, մի կերպ հասել եմ Ստեփանակերտ, նա մեքենաս սարքել է, հետո դուրս եկա, գազի լիցքավորման կայան ունենք, այնտեղ հասնելուց հետո ինձ թույլ չտվեցին գնամ, ասացին, որ թուրքերն արդեն կրակում են։
Երբ Շուշիից դուրս եկա, չէի մտածում, որ այդպես ամեն ինչ կավարտվի, մտածում էի, որ իրավիճակը կփոխենք։ Բայց հետո արդեն իմացանք, որ Շուշիի ներսում են արդեն կրակում, զինկոմիսարատի ու Վազգեն Սարգսյանի արձանի վրա են կրակում։ Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ դիրքերում տղաներ կային, որևէ մեկը դուրս չէր եկել։ Ես չգիտեմ՝ ինչ խառնաշփոթ է եղել, որ արդյունքն այսպես է եղել»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Նա շեշտեց՝ Շուշին և Հադրութը երբեք բանակցությունների սեղանին դրված չեն եղել, այս մասին ասել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հետևաբար՝ տարօրինակ է համարում, որ այս մասին հայկական կողմից պաշտոնապես չի բարձրաձայնվում, և լռում են։