«Այսօրվա ազգային գաղափարներից մեկը պետք է լինի մեր երկրում աճող օտար-այլասերիչ ազդեցություներն արմատախիլ անելը․․․». Արմեն Նավասարդյան

Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմության առաջնորդները գուցե ցուցաբերում են սակրավորի դանդաղկոտություն, բայց ինչպես ասում են սակրավորներին շտապեցնել, նրանցից առաջ անցնել խորհուրդ չի տրվում․․․

Դանդաղկոտությունն ունի օբյեկտիվ պատճառներ․ կան բազմաթիվ ականներ, որոնք կարող են հօդս ցնդեցնել մոտ ապագայում չարիքներից «փոքրագույնով» ազատվելու, փրկվելու բոլոր հույսերը․․․

Ընդդիմության մեջ ոմանք Փաշինյանի դեմ անարդյունավետ պայքար ծավալելու մեղադրանքներով միմյանց նկատմամբ անփամփուշտ փոխհրաձգություններ են կազմակերպում ինչն առաջին հայացքից հանրության ուշադրությունը շեղում է հայերիս հնարավորությունների սահմանափակությունից, մեր ճակատագրի որոշման հարցում արտաքին ուժերից ահռելի կախվածությունից․․․ Սակայն միևնույն ժամանակ նկատելի է, որ նման վարքագիծը հանրության գիտակից շրջանակների մոտ առաջացնում է նաև ահռելի հուսալքություն․․․

Ողջունելի կլիներ, որ ներկայիս իշխանության դեմ պայքարում առավել համարձակ քայլերի վակուումը միմյանց մեղադրելու արհեստական աղբով լցնելու համար ծախսվող ուժն ու էներգիան ուղղորդվեր դեպի հայերիս սպառնացող այլ կործանարար չարիքների դեմն առնելուն․․․

Օրինակ հասարակության լայն շրջանակներում թևածող թմրամոլության ախտի դեմ պայքարին․․․ Վերջերս թմրամոլության մեծ չափերի առկայության մասին ակամայից, անուղղակի կերպով խոստովանեց նաև իշխանական պատգամավորներից մեկը․․․

Տպավորություն կա, որ ներկայիս իշխանությունները թմրանյութերի գրեթե անխոչընդոտ տարածումը խթանելու միջոցով այն վերածում են հոգեբանական փսիխոտրոպ զենքի, որի օգնությամբ էլ շատերին արհեստական երջանկություն, անհոգություն ներարկելով և ուղեղները լվանալով՝ վերածում են պարտվողականությամբ ու տիրող ազգային աղետի հանդեպ անտարբերությամբ թունավորված արարածների…

Այդ ախտի պատճառով շատանում են նաև մահվան ելքով ավտովթարները, դեգրադացվում են առողջ ընտանեկան հարաբերությունները և այլն…

Ներկայիս գաղափարական երաշտի պայմաններում ընդդիմությունը պետք է հստակորեն սահմանի ազգային գաղափարներ, իսկ ազգային գիտակցությունը չկորցրած ցանկացած ոք ամբողջ ուժով պետք է լծվի դրանց իրականացմանը․․․

Այսօրվա ազգային գաղափարներից մեկը պետք է լինի մեր երկրում աճող օտար-այլասերիչ ազդեցություներն արմատախիլ անելը․․․»:

Տեսանյութեր

Լրահոս