«Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարուց ավելի ղեկավարում է երկիրը, կարող էր գյուղում երեք մանկապարտեզ կառուցել». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ Կապան-Որոտանի ճանապարհին տեղի ունեցող գործընթացների հետ կապված՝ իրենք մեկուսացման մեջ չեն հայտնվել, մեկուսացման մեջ կհայտնվեն, եթե, օրինակ, փակվի Կապան-Ճակատեն ճանապարհը։

«Մեր գյուղը Կապան-Ճակատեն ճանապարհի վրա է, ինչպես շատ գյուղեր, այնպես էլ մենք մեկուսանալու ենք։ Իսկ, օրինակ, երբ գանք Երևան՝ Որոտանի այդ հատվածում խնդիրներ ենք ունենալու։ Դե, բոլորիս համար էլ պարզ է, թե ինչու այսպես եղավ, պարզ է նաև, որ այդ ճանապարհի պատճառով բոլորս մեծ խնդրի առջև ենք կանգնած»,- 168.amի հետ զրույցում ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին Կառավարության նիստում արած հայտարարությանը, որ ադրբեջանական մաքսակետը ՀՀ տարածքում չէ, Խաչատուր Բաղդասարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին թող պատասխանեն քարտեզագետները, պատմաբանները։

«Ես մեկ բան հստակ գիտեմ՝ իմ ամբողջ գիտակցական կյանքում այդ տարածքները հայկական են եղել, ես չգիտեմ` այդ երբվանից դարձրեցին ադրբեջանական»,- շեշտեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության ևս, որ մինչև 2018 թվականը Սյունիքի մարզում 100 երեխայից միայն 4-ին է հասանելի եղել նախակրթարանները և մանկապարտեզները։

«1990-ական թվականներից սկսած մեր գյուղում մանկապարտեզ չենք ունեցել, իսկ դպրոցը բնականոն գործում է։ Մեզ մոտ չկա մի երեխա, որի համար դպրոցը հասանելի չլինի, մենք այդ խնդիրը չունենք։ Ի՞նչ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարուց ավելի ղեկավարաում է երկիրը, այդ ընթացքում կարող էր գյուղում երեք մանկապարտեզ կառուցել»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։

«Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 երեխաներից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ։ Էս է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում մինչև 100 երեխա ունեցող աշակերտների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ մինչև 10, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Մենք Կառավարությունում խոսում էինք, որ Սյունիքի միայն մեկ համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամ հատկացում է  անելու, ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշման արդյունքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բարենպաստ դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում։ Երկու մարզերում էլ կան գյուղեր, որոնք թշնամու դիրքերից հեռու են 200-250 մետր։

Նշենք նաև, նոյեմբերի 10-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր,  որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Իսկ հաջորդ օրն էլ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ տրամաբանությունն իրեն հուշում է, որ այդ ճանապարհով անցնլիս ՀՀ քաղաքացիները պետք է ադրբեջանական կողմին որոշակի գումար վճարեն։

Տեսանյութեր

Լրահոս