Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին միջադեպ է գրանցվել․ ճանապարհը որոշ ժամանակ փակ մնալուց հետո վերաբացվել է

Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին։

Միջադեպի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է եղել, ապա վերաբացվել է։

Արցախի ՆԳՆ-ն նախ հայտնել էր, որ միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Քիչ անց հաղորդվեց, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: «Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-ասված է երկրորդ հաղորդագրության տեքստում:

Միջադեպի մասին մանրամասներ է հաղորդել Times.am կայքը։ Նշվում էր, որ դեպք է տեղի ունեցել Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։

Տեսանյութեր

Լրահոս