
Երկրի հակադարձ կողմը․ վերացող պետության իշխանության աճը

Հայաստանը ոչ միայն հակասությունների, այլ նաև հակադարձ համեմատականությունների երկիր է։ Օրինակները՝ մեկը մեկից ավելի խոսուն ու ողբերգական։
Նիկոլ Փաշինյանի թիկնապահների թվի ավելացմանը հակադարձ համեմատական կարգով նվազում է ՀՀ ինքնիշխան սահմանները հսկող զինվորականների թիվը։
Սյունիքի ազատազրկվող համայնքապետերի թիվը հակադարձ համեմատական է Սյունիքում ազատություն ստացող ադրբեջանական զինծառայողների ու նրանց տեղադրած մաքսակետերի թվին։
Պետական գնումների ոլորտում նվազող մրցույթների թիվը հակադարձ համեմատական է Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության շահած տենդերների թվին։
Արգիշտի Քյարամյանի զբաղեցրած պաշտոնների թիվը հակադարձ համեմատական է պետական կառավարման համակարգում մնացած խելամիտ պաշտոնյաների թվին։
Իշխանությունների՝ ներքին ընդդիմախոսներին ուղղված հայհոյախոսության մակարդակը հակադարձ համեմատական է Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին այլևս չհնչող քննադատության մակարդակին։
Նիկոլ Փաշինյանի ու նրա արցախցի տեղապահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված քծնանքի մակարդակը հակադարձ համեմատական է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության մակարդակին։
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների թվաքանակի աճին հակադարձ համեմատական կարգով նվազել է Արցախ այցելող ՀՀ պաշտոնյաների թիվը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հակադարձ համեմատական է կյանքին, որովհետև նրա իշխանության երեք տարիներին երկրում ամենաշատը աճել է՝ գերեզմանների, այդ թվում ու առավելապես՝ երիտասարդների գերեզմանների թիվը։
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու ամեն մի օրը հակադարձ համեմատական կարգով նվազեցնում է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյատևելու ու որևէ հեռանկար ունենալու հնարավորությունը։
Բայց Նիկոլ Փաշինյանն ու քաղաքականությանը և պետությանը հակացուցված նրա թիմը շարունակում են մնալ իշխանության ղեկին, քանի որ Հայաստանի առնվազն 680 հազար ընտրողների համար միտքը հակադարձ համեմատական է բնազդին, խելքը՝ հույզին, սթափությունը՝ մանիպուլյացիային, ապագան՝ անցյալին։
Ահա այս և բազմաթիվ այլ այնպիսի հակադարձ համեմատականությունների երկիր է Հայաստանը, որում շահում են միայն իշխանությունները, կորցնում է պետությունն ու հասարակությունը։
Հարություն Ավետիսյան