Բաժիններ՝

Սա միայն բնակիչներինը չէ, երկրի հարստությունն է, սակայն չենք արժևորում. Բնակիչները՝ «Ֆիզգորոդոկ»-ում շինաշխատանքները վերսկսելու մասին

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ից հողային աշխատանքները դադարեցվել էին, հոկտեմբերի 23-ի առավոտյան վերսկսել էին, ապա դադարեցրել, իսկ նոյեմբերի 11-ից  կրկին սկսել են աշխատել: Այս մասին ահազանգում են բնակիչները՝շեշտելով, որ 3 ամիս է՝ խոսում են այս մասին, 3 տարի է՝ իրավական ճանապարհով են պայքարում, սակայն, դեռևս անարդյունք:

«Սա միայն բնակիչներինը չէ, երկրի հարստությունն է, սակայն չենք արժևորում: Քրդերը մոտ 40 միլիոն են, իրենց հողը չունեն, որ դրոշը խփեն, ասեն՝ սա մերն է, մենք ունենք այս մի կտորը, բայց բաժանվել ենք, մեղավորներ ու անմեղներ ենք փնտրում: Անկախացումից հետո մեր ստեղծած երկրում  զոռբաներն են, փող սիրողները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Վահրամ Ասատրյանը:

Նա տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ-ում էլ քննություն է գնում, թե ինչո՞ւ են «Ֆիզգորոդոկի» տարածքը հանել հուշարձանների ցանկից, որովհետև ինչպե՞ս կարող է, եթե սա այսօր հուշարձան է, վաղն ասեն՝ հուշարձան չէ:

Հավելենք, որ ՌԱՏԿՈ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանը  Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ 2018 թվականից փորձաքննություններ է անցել, և ի սկզբանե բնակչությանն իրազեկել են նախագծի մասին, եղել են հանրային լսումներ: «Բնակիչների պատճառաբանությունները հետևյալ բնույթի էին հիմնականում. Այնտեղ բնակվողների կյանքի որակը կփոխվի, քանի որ բնակչությունը կավելանա: Կամ սկյուռիկներ կան, շինարարության ընթացքում կփախչեն: Մեքենաների քանակը կավելանա, կողքի շենք արև չի ընկնի, և այլն: Հետո բոյկոտեցին լսումները՝ չուզենալով լսել մեր պատասխանները: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ բոլոր ծառերը, որոնք գտնվում են մեր տարածքում, մեր սեփականությունն են, և իրավունք ունենք տնօրինել մեր հայեցողությամբ: Քաղաքապետարանը հաշվառել է բոլոր ծառերը, և մենք պարտավորվել ենք՝ ինչպես մեր տարածքում, այնպես էլ՝ ամբողջ Ֆիզիկայի բանավանում կրկնակի, եռակի ավելի ծառեր տնկել և խնամել»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՌԱՏԿՈ ՍՊԸ տնօրենը:

Հիշեցնենք, որ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս