Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը ուռճացնում է միջանցքի գաղափարը՝ բարձրաձայնելով ուժի կիրառման սպառնալիքների մասին»,- ընդգծեց փոխվարչապետը:
Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով:
«Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը: