«Այդ մարդը 3 տարի շարունակ իր ստախոսությամբ մոլորեցնում է ժողովրդին, երեկվա իր հայտարարությունն էլ իր կողմից հորինված սուտ է». Հրաչ Ջաբրայանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։
«Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 երեխաներից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ։ Էս է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում մինչև 100 երեխա ունեցող աշակերտների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ մինչև 10, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Մենք Կառավարությունում խոսում էինք, որ Սյունիքի միայն մեկ համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամ հատկացում է անելու, ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում կանադահայ բարերար Հրաչ Ջաբրայանը, ում բարեգործական գործունեությունը մեծ մասամբ կապված է Սյունիքի հետ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից այլևս չի զարմանում, ավելին՝ դրանք իր մոտ պարզապես ծիծաղ են առաջացնում։
«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտայի նախ թրքացումից դուրս գա ու դառնա հայ, այնուհետև գնա Սյունիք, նորմալ շփվի մարդկանց հետ, բայց ոչ թե ՔՊ-ի երկրպագուների, այլ այն սյունեցիների, որոնք իրենց աշխատանքով արարում ու ապրում են։ Սյունիքն ավելի լավ ճանաչելու համար, թող գնա այնտեղ ապրի, հետո հայտարարություններ անի, այդ ժամանակ նա կտեսնի, թե իսկական սյունեցին ով է։ Այդ մարդը արդեն 3 տարի շարունակ իր ստախոսությամբ մոլորեցնում է ժողովրդին, երեկվա իր հայտարարությունն էլ իր իսկ կողմից հորինված սուտ է։ Այդ մարդու մասին խոսելն այլևս ավելորդ է, որովհետև նա ոչ այլ ինչ է, քան սովորական ծաղրածու»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։
Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը 3 տարի ստելով շարունակում մնալ իր աթոռին, Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ «իր տերերն այդպես են ցանկանում»՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, գուցե նաև՝ Ռուսաստանի։
«Այս պահին իր տերերն այդպես են ուզում, և եթե ընդհանրական նայենք, ապա, դժբախտաբար, մեր ժողովրդի մի հատվածը տգիտորեն նրան հավատում է, Նիկոլ Փաշինյանն էլ վերցրել է այդ հանգամանքը և շահագործում է։ Տգետ մարդուն խաբելն ամենահեշտ բանն է, սա է պատճառը, որ ազգային ու ապազգային պայքարում, ապազգայինն այս պահին ջախջախիչ հաղթանակ է տանում՝ դժբախտաբար»,- հավելեց Հրաչ Ջաբրայանը։
Նա անդրադարձավ նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ տրամաբանությունն իրեն հուշում է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով եթե ՀՀ քաղաքացիներն անցնեն, պետք է որոշակի վճարում անեն ադրբեջանական կողմին։
Ըստ նրա, ԱԽ քարտուղարի ասածի մեջ առհասարակ տրամաբանություն չկա, սակայն բոլորովին զարմանալի չէ, որ Արմեն Գրիգորյանի տրամաբանությունն է հենց նման բան հուշում։
«Եթե անկեղծ ասեմ, ապա 2-րդ դասարանի երեխան շատ ավելի գիտակից է, քան այդ գոյությունը։ Ինչպե՞ս կլինի, եթե հայը գնա ու թուրքական անցակետով անցնի իր երկրի մեջ։ Անկախ այն հանգամանքից, թե Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակիցներն ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում և ինչ ճանապարհներով են պաշտպանում Ադրբեջանին, մեկ բան անհերքելի է՝ այդ տարածքները հայկական են, և թշնամին պետք է լքի այդ տարածքները։ Այսինքն՝ ըստ իրենց տրամաբանության, հայը պետք է անցնի այդ ճանապարհով, գումարի վճարի թշնամուն, թշնամին էլ այդ գումարով զինի իր բանակին ու սպանի մեր երեխաներին։ Այդ մարդկանց տրամաբանությունն իսկապես ծիծաղելի է, մի քիչ էլ զարմանում եմ, որ մեր իշխանությունն այս աստիճանի տգետ ու հիմար է, նա ամեն օր դա է ապացուցում»,- եզրափակեց Հրաչ Ջաբրայանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10–ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։