«Սա մեսիջ էր կապանցիներին, թե՝ տեսեք, բոլորիդ հետ այսպես ենք վարվելու, եթե չենթարկվեք». Մենուա Հովսեփյանի փաստաբան
Նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի որոշում է կայացրել Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի նկատմամբ: Նա հոկտեմբերի 15-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։
168.am-ի հետ զրույցում Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումն ակնհայտորեն ապօրինի է։
«Հարցի պատասխանը միանշանակ կա՝ որոշումը, իմ կարծիքով, ապօրինի է, նախադեպը չունեցող։ Այս ամենը մի քանի խնդիր է լուծում, առաջին հերթին սա քաղաքական նպատակ է հետապնդում։ Նպատակը ժողովրդին վախեցնելն է, առաջիկայում Կապանում ՏԻՄ ընտրություներ են, և սա մեսիջ էր կապանցիներին, թե՝ տեսեք, բոլորիդ հետ այսպես ենք վարվելու, եթե չենթարկվեք։ Նախկինում չդատված, 5 անչափահաս երեխաների հայր, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, մարդ, ով հսկայական ավանդ ունի պատերազմական ու հետպատերազմյան շրջանում՝ կալանավորում են։ Նա որևէ պայման չի խախտել, 30 մլն դրամ գրավ է վճարել ու ազատ արձակվել, ու այս պայմաններում դատարանը գտնում է, որ գրավն օրինաչափ չէ, և պարտադիր Մենուան պետք է կալանավորվի։ Հիմա այս պարագայում ինձ կարո՞ղ են ասել, թե որ գործով կարելի է գրավ կիրառել անձի նկատմամբ, ես պատասխանը չունեմ»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա, եթե Մենուա Հովսեփյանի փոխարեն լիներ իրական հանցագործ, խմբավորումներ, որոնք օրը ցերեկով միմյանց վրա զենքով կկրակեին, այդ դեպքում գրավը, ըստ դատարանի տրամաբանության, կիրառելի կլիներ և չէր բողոքարկվի, փոխարենը՝ Մենուա Հովսեփյանի դեպքում գրավը չի կարելի կիրառել։
«Սա ի՞նչ է, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում, այլ գնահատական ես ուղղակի չունեմ։ Որոշումը կստանանք, խափանման միջոց կալանավորման դեմ բողոք միջնորդություն կներկայացնենք, թեև հույսը չնչին է, բայց կներկայացնենք»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, նաև Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով»։
Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են սյունեցի երկու գործող համայնքապետեր՝ Քաջարանի և Գորիսի համայնքապետեր Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը։ Կալանավորված է նաև Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։