Բաժիններ՝

Գյումրիում կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում նոր օպերային բեմադրություն է ներկայացվելու:

Բբեմադրվում է անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրական աշխատանքներն ամբողջությամբ կատարվում են Գյումրիում: Օպերան գյումրեցիների և քաղաք այցելած հյուրերի դատին կհանձնվի նոյեմբերի 13-ին եւ 15-ին Տեքստիլագործների ակումբում։ Այն հավերժական սիրո եւ պարտականության գաղափարի մասին է։ Երեք գործողությամբ օպերան առաջին անգամ կատարվել է Լոնդոնում, Ջոսիա Պրիստի դպրոցում 1688 թվականին։

Նախաձեռնությունը ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի, Նարինե Սիմոնյանն է, ում հրավերով Միլանից Գյումրի է ժամանել բարոկկո օպերայի փայլուն գիտակ, կլավեսինահար և երգեհոնահար Ստեֆանո Ինտրիերին: Վերջինս վարպետության դասերի շարք է անցկացնում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Ա. Կարճյան): Այս կարևոր հանդիպումները բացառիկ ճանաչողական դեր են կատարում բարոկկո օպերայի ոճական, կատարողական, արտահայտչական-տեխնիկական հմտությունները յուրացնելու համար:

Օպերայի բոլոր հագուստները ևս մոդելավորում ու կարում են գյումրեցի երիտասարդ դիզայներները։ Հիմնականում ներգրավված են Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները:

Նախաձեռնությունը լրագրողներին ներկայացնելու ժամանակ Նարինե Սիմոնյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ուսուցողական է։ «Նմանատիպ մեծ ծրագիր առաջին անգամ եմ անում Գյումրիում, չեմ կարող ասել, որ հեշտ է ընթանում, քաղաքը սովոր չէ նման նախագծերի: Մինչեւ վերջին օրը մենք ժամանակ ունենք եւ պետք է կատարելագործելով հասնենք մեր նպատակին։ Մենք տեսնում ենք նախնական որակը. շատ լավ են աշխատում հայ երաժիշտները, սովորելու ցանկություն ունեն եւ շատ հաճելի է նման խմբի հետ աշխատելը եւ նրանց ղեկավարելը»,- նշեց Նարինե Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ բեմադրությունը կյանքի է կոչվել ինչպես Հայ-ֆրանսիական ասոցիացիայի, այնպես էլ տարբեր անհատների կողմից։

«Ես շատ բավարարված եմ իմ երիտասարդ արտիստներով, եւ դա կարեւոր մասն է միասնական աշխատանքում, որ բոլորն իրար հետ համագործակցում են, եւ աշխատանքային փոխհարաբերությունները լավ են կառուցվում»,- ասում է կլավեսինահար և երգեհոնահար Ստեֆանո Ինտրիերին, որն առաջին անգամ է այցելել Հայաստան։

«Դիդոնա և Էնեաս»-ը Պյորսելի առաջին և միակ բեմական ստեղծագործությունն է, որն առավել համապատասխանում է որպես օպերա բնորոշվելուն։ Այն համարվում է անգլիական բարոկկո ոճի երաժշտության գլուխգործոցներից և այսօր էլ բեմադրվում է աշխարհի օպերային թատրոններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս