Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը՝ չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» արգելելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։

«Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ»,- գրել էր թերթը:

«Հայփոստ»-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք որևէ հրահանգ եղե՞լ է չպատվաստվածների մուտքն արգելելու վերաբերյալ, պատասխանեցին՝ ոչ, նման բան չկա:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ դեկտեմբերի 1-ից սահմանափակումների փաթեթ են ներկայացնելու, որոնցից մեկով էլ մուտքը հանրային վայրեր՝ լինի «Հայփոստ», մարզասրահ, կինոթատրոն, լինելու է QR կոդով կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով:

Հավելենք, որ նոյեմբերի 4-ին կառավարության ճեպազրույցների սրահում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր.

«Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական»: Նա նշել էր, որ նախարարությունն արդեն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառելու:

Ավանեսյանի խոսքով՝ կան նաև այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս