Ի՞նչ անհանգստություններ ունի Ռուսաստանը. Ռուսական դիրքերը Հարավային Կովկասում խոցելի են

Մինչ հանրության ուշադրության կենտրոնում առաջիկա օրերին սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանսն է, դրա ընթացքում քննարկվելիք թեմաներն ու ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերը 44-օրյա պատերազմի հետևանքով կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներում նոր ուրվագծեր են երևակվում: ՌԴ ԱԳՆ-ն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առիթով տարածած հայտարարությունում ընդգծել է, որ ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում, չնայած այդ երկրների ու ժողովուրդների հետ ՌԴ-ն կապված է երկարամյա ու սերտ բարեկամությամբ և լայնածավալ գործընկերությամբ բոլոր ուղղություններով։

«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործման օգտին, համարժեքորեն հաշվի առնելով տարածաշրջանային փոխված իրողությունները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ն նաև նշել է, թե համարձակորեն կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում ինֆորմացիոն արտանետումները, թե իբր Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են «Լեռնային Ղարաբաղը անջատելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն։ Ըստ ՌԴ արտաքին գերատեսչության, նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ ունեն, մշակում են լրիվ ակնհայտ արտաքին պատվեր և ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ։ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ հայտարարությունները և մեխանիզմները, ըստ այդ անդրադարձի, կողմերին չեն պարտադրվել, այլ հենված են եղել շահերի հավասարակշռության վրա, նախատեսվել է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանությանը և շահերին։ Բացի այդ, հարկ է ընդգծել, որ վերջին օրերի ընթացքում ռուսական կողմը տարբեր առիթներով և տարբեր պաշտոնյաների միջոցով նշեց, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային ուղին չի ունենալու միջանցք կարգավիճակ:

Օրերս Երևանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր, որ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք: «Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների»,- նշել է Օվերչուկը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն էր նշել, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ Ռուսաստանի քայլերը պետք է մեկնաբանել՝ ելնելով աշխարհաքաղաքական ընկալումներից, զարգացումներից և դասավորությունից: Նրա դիտարկումների համաձայն, հարաբերությունների, ձևաչափերի նախկին համակարգերը և կան, և չկան, դրանք անցումային լրջագույն փուլում են:

«Ռուսաստանի հարաբերությունները հակամարտող կողմերի հետ ևս այլ բնույթի են դառնում աշխարհաքաղաքական դերակատարների ազդեցության ներքո: Ամեն ինչ փոխվում է, չկան կայուն իրավիճակներ, կա թուրք-ադրբեջանական սերտ համագործակցություն՝ ոչ միշտ համակարգված Ռուսաստանի հետ, կա ՌԴ խաղաղապահ չճանաչված կոնտինգենտ ԼՂ-ում, կա ԱՄՆ, ԵՄ, Վրաստան, Իրան և այս ամենի վրա ազդող և այս ամենը կառավարող այլ ռեգիոնալ լարվածություններ: ՌԴ-ն հասկանում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի լարվածությունը դեռ երկար կարծես կշարունակվի, չնայած այն հանգամանքին նույնիսկ, որ որոշ համաձայնություններ ձեռք կբերվեն:

Իսկ ժամանակը թույլ է տալիս վերադիրքավորվել այն կողմերին, որոնք պատերազմի ընթացում դա չեն կարողացել անել, մասնավորապես՝ խոսքն Իրանի, Վրաստանի և Արևմուտքի մասին է, իսկ չհամագործակցել նրանց հետ չի հաջողվի, քանի որ ամեն սցենար հնարավոր է: Խոսքը նաև Մինսկի խմբի մասին է, որը, չնայած մեր կանխատեսումներին, շարունակում է գործել, և ինչ-որ գործառույթներ իրեն են վերագրվում: Պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել, և դա հաշվի չառնել չի կարելի: Այն, որ ՄԽ-ն կարող է գործի դրվել ցանկացած պահի, ևս փաստ է, Ադրբեջանը կարող է համաձայնել, և ՄԽ-ն սկսի գործել: Բացի այդ, ՌԴ-ն խաղաղապահ առաքելության մանդատի հարց ունի, սա ևս հարց է, որը ստիպում է ՌԴ-ին աշխատել և Ադրբեջանի, և ավելի շատ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ:

Այս պահին տեսնում ենք, որ բոլոր կողմերը տարածաշրջանի վերաբերյալ իրենց պլաններն ունեն և թե, ի վերջո, ուժային առումով ո՞ր կողմը կկարողանա հաջողել՝ բարդ է ասել, քանի որ Արևմուտքն իր խաղն է խաղում, տարածաշրջանի երկրները՝ իրենց: Այս ամենի ֆոնին իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան՝ պայքար կարգավիճակի հարցի շուրջ, որը կարող է սուր աշխարհաքաղաքական բնույթ ունենալ և ուղղորդվել Արևմուտքի կողմից, փոխելով շատ իրողություններ»,- ասաց Մալաշենկոն՝ հավելելով, որ Հարավային Կովկաս ներկայումս լուրջ աշխարհաքաղաքական ռեսուրսներ են ուղղվում:

Իսկ ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատերազմից հետո արդյունավետ չի համագործակցել Ռուսաստանի հետ և շատ հավակնոտ, էյֆորիկ քաղաքականություն է շարունակել: Ըստ նրա, եթե մի դաշտում, որի շրջանակում եռակողմ հայտարարություններ են կնքվել, Ադրբեջանը խնդիրներ է ստեղծում, ապա պետք է պատրաստ լինի, որ այդ խնդիրները կլուծվեն մեկ այլ դաշտում:

«Ներկայումս Ադրբեջանին զսպելը բավականին բարդ խնդիր է դարձել, քանի որ հաղթանակի և դեռ նոր հաղթանակների ցանկության զգացումը չի լքում Ադրբեջանին: Ադրբեջանը մեծ հավակնություններ ունի, հենց այդ պատճառով էլ կա խաղաղապահների մանդատի խնդիրը, որը կարող է լուծվել նաև ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ստիպում է Ռուսաստանին հավասարակշռված քաղաքականություն վարել կողմերի միջև, կողմերից մեկի կողմ «թեքվելը» կարող է դիվանագիտական կորուստներ արժենալ Ռուսաստանին, ուստի ամեն դեպքում ՌԴ-ն փորձում է առաջ շարժվել՝ բալանսավորելով, հատկապես, երբ առջևում ձեռք բերվելիք նոր համաձայնություններ կան: Եթե ՌԴ-ն կորցնի իր դերը, այդ ամենը ևս կընթանա այլ սցենարով:

Բացի այդ, տարածաշրջանում մի շարք այլ նախաձեռնությունների մասին տեղեկություններ են տարածվում, նոր պլատֆորմներ է փորձում առաջ քաշել Արևմուտքը, այս ամենը դեռ խմորումների փուլում է»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս