«Սա Կարեն Անդրեասյանի կողմից ավելորդ քայլ է, նա իր նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին կարող էր ապացուցել բոլորովին այլ ձևերով». Լարիսա Ալավերդյան
Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։
Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանել էր.
«Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, չէի անդամակցի։ Ես գտնում եմ, որ եղել են ցավալի վիճակներ, իրավիճակներ, և իմ թիմը, որին ես միացել եմ և ավելի եմ խորացնում իմ միացումը, արժանապատվորեն փորձում է տարիներ շարունակ կուտակված ցավը, դժվարությունը, կորուստները կրել և պատասխան տալ դրա համար։ Ես էլ ուզում եմ իրենց հետ միասին պատասխան տալ նույնիսկ մեր չարածների համար»։
Նշենք, որ նախկինում Արդարադատության նախարարի կուսակցական լինելը ներկայիս իշխանությունների կողմից մշտապես քննադատվել է։
168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Կարեն Անդրեասյանի կուսակցական դառնալու մասին հայտարարությանը, նկատեց՝ ֆորմալ առումով նման արգելք չկա, սակայն բոլորովին այլ է, որ անմիջապես, այն էլ՝ Հայաստանի կուսակցությունների դեպքում, մարդիկ միավորվում են անձի շուրջ։
«Թող ինձ ների Կարեն Անդրեասյանը, բայց սա նրա կողմից ավելորդ քայլ է, նա իր նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին կարող էր ապացուցել բոլորովին այլ ձևերով։ Սա նման է այն բանին, որ հիմա նախարարներն իրար հետևից հայտարարում են, որ իրենց աշխատասենյակներում կախված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ Ես սա համարում եմ խիստ ավելորդ, հիմա մեզ նորից վարժեցնում են նրան, որ պետք է մեկ անձի պաշտամունք լինի։ Զարգացած ժողովրդավարական պետություններում նախարարներն իրենց աշխատասենյակներում չեն կախում նախագահի կամ վարչապետի նկարը, սա վաղուց համարվում է անձի պաշտամունքի տարր։
Հիմա մեզ մոտ դրա մասին բացահայտ հայտարարում են, ըստ էության իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը մեկ անձի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար։ Ընդ որում՝ իրենց նվիրվածությունը չեն ապացուցում իրենց աշխատանքով ու ազգային շահով առաջնորդվելով։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ՔՊ-ական դառնալը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։