Պարզվել է՝ Squid Game-ի կրիպտոարժույթը կեղծ է
Կրիպտոարժույթի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին։
Squid կրիպտոարժույթի արժեքը զրոյի է հասել, դրա մշակողները 3,3 միլիոն դոլարով անհետացել են, իսկ սոցիալական ցանցերն անհասանելի են դարձել, հայտնում է GizModo-ն։ Նաև այն, որ Squid թվային արժույթը կեղծ է եղել, գրում է CBS News-ը։
«Մենք ստացել ենք մի քանի հաղորդումներ, որ կրիպտոարժույթի վեբկայքն ու սոցիալական ցանցերն այլևս չեն գործում, և օգտատերերը չեն կարող վաճառել այս նշանը Pancakeswap-ում»,- ասվում է CoinmarketCap կրիպտոարժույթի հարթակում:
Ներդրողներին խնդրել են լինել զգույշ և շրջահայաց։ CoinmarketCap-ը նաև հայտնել է, որ նախագիծը, թեև այն անվանվել է Netflix-ի սերիալի պատվին, պաշտոնապես կապված չէ դրա հետ, արժույթի մշակողները լկտիաբար օգտվել են սերիալի հանրաճանաչությունից:
Ըստ CBS News-ի՝ ավելի քան 43,000 ներդրող գնել է Squid արժույթը, բլոկչեյնի փորձագետները կարծում են, որ այդ մարդիկ դարձել են խոշոր խարդախության զոհ և չեն կարողանա հետ ստանալ միջոցները։
Կրիպտոարժույթը գործարկվել է հոկտեմբերի 20-ին: Այնուհետև դրա արժեքը կտրուկ բարձրացավ օրական 2400%-ով՝ մինչև 2,2 դոլար: Երկուշաբթի օրը Squid-ի գինը բարձրացավ մինչև 2,8 հազար դոլար, այնուհետև ընկավ:
Squid Game-ը հարավկորեական առցանց սերիալ է, որը թողարկվել է Netflix-ում այս տարվա սեպտեմբերի 17-ին մի քանի տասնյակ լեզուներով։ Ըստ սյուժեի՝ 456 հոգուց բաղկացած խումբը մասնակցում է գաղտնի գոյատևման մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 38,5 միլիոն դոլար: Բոլոր մասնակիցները գումարի կարիք ունեն և պատրաստ են մահացու ռիսկի դիմել իրենց վիճակը բարելավելու համար:
Առաջին դրվագից մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Squid Game-ը գերազանցեց 111 միլիոն հեռուստադիտողի թիվը՝ դառնալով Netflix-ի պատմության ամենաշատ դիտված սերիալը։ Համեմատության համար նշենք, որ The Witcher-ը անցյալ տարի դարձավ Netflix-ի ամենահաջողակ հեռուստաշոուներից մեկը՝ թողարկումից հետո շաբաթների ընթացքում ունենալով 76 միլիոն հեռուստադիտող: The Squid Game-ը գլխավորել է ընկերության ամենադիտված հեռուստասերիալների ցուցակը 90 երկրներում։ Bloomberg-ը գնահատում է, որ այն նվազագույնը 891 միլիոն դոլար եկամուտ կստեղծի Netflix-ի համար՝ 21,4 միլիոն դոլար արտադրության արժեքով:
Սերիալի հանրաճանաչության ֆոնին ստեղծվեց «Squid Game» համանուն կրիպտո խաղը։ Այն կրկնում է խաղի վեց ռաունդ սերիայից, բայց, ի տարբերություն բնօրինակի, եթե նրանք պարտվեն, մասնակիցներից ոչ մեկը չի մահանա։ Առաջին խաղը նախատեսված էր նոյեմբերին։ Առաջին փուլին մասնակցելու համար խաղացողը պետք է վճարի 456 Squid մետաղադրամ: Դրանից հետո յուրաքանչյուր փուլով ներդրման չափը պետք է ավելանա։ Մշակողները կստանան ընդհանուր ֆոնդի 10%-ը, մնացածը կտրվի հաղթողներին։ Մրցանակային ֆոնդի ընդհանուր գումարը սահմանափակված չէ:
Հատուկ խաղի համար ստեղծված Squid մետաղադրամը վաճառվել է վաճառքի մեկնարկից մեկ վայրկյանում: Թողարկման պահին այն կարելի էր գնել յուրաքանչյուրը 0,06 դոլարով:
Սիրարփի Աղաբաբյան