Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին
Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին:
«Էնրիկե Մորայի (ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում ԵՄ-ից համակարգող) հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվել ենք՝ նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,-գրել է Բաքերի-Քանին իր Twitter-ում:
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունն իր կողմից տարածել է մամուլի տեղեկագիր, որտեղ հաստատել է այդ ամսաթիվը: Այնտեղ ճշտել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչները:
«Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից Համատեղ հանձնաժողովի նախագահ կդառնա Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան»,-նշվում է հայտարարության մեջ:
Վիեննայում միջազգային կազմակերություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Նա իր Twitter-ում գրել է, որ այդ «երկար սպասված կոլեկտիվ որոշումը» ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ «2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրականացմանն» Իրանի վերադարձի ուղի է բացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: