
Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Նորատուս գյուղում գողություն է լինելու…
Ոստիկանության Գավառի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Նորատուս գյուղում գողություն է լինելու:
Հոկտեմբերի 29-ին, գիշերվա ժամը չորսին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի հյուրանոցային համալիրում գողություն անելու պահին բռնվեցին և բերման ենթարկվեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 34 և 25 տարեկան տղամարդիկ՝ «Օպել» մակնիշի մեքենայով: Նրանք խոստովանեցին, որ փորձել են գողանալ շենքի պատուհանների ալյումինե շրջանակները:
«Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին այրված հետքերով ապակյա կաթուցիչ և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ արմավիրցի տղամարդիկ Գավառում կատարել էին երեք գողություն՝ սեպտեմբերի 9-ին, հոկտեմբերի 11-ին և հոկտեմբերի 27-ին: Ընդ որում, վերջինը նույն հյուրանոցային համալիրից, որտեղից գողացել էին պատուհանների ալյումինե 18 շրջանակ: Մյուս երկու դեպքով տուժողներին պատճառվել էր համապատասխանաբար՝ 500 հազար, և մեկ միլիոն դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են։