Ի՞նչ է խորհրդանշում Ս․ Մկրտության ջրի մեջ երեք անգամ ընկղմելը
Ջրի մեջ երիցս ընկղմելը խորհրդանշում է Տիրոջ մահը, թաղումը, իսկ ջրից դուրս գալը` հարությունը: Ջրի մեջ մտնելով` մեռնում ենք Քրիստոսի հետ մեր մեղքերի համար, ընկղմվելով` թաղվում Նրա հետ, ջրից դուրս գալով էլ` հարություն առնում: Ս. Մկրտության խորհուրդն իրական մուտք է Քրիստոսի մահվան մեջ և, հետևաբար, նաև Նրա հրաշափառ հարության: Այլ խոսքով` մկրտվել նշանակում է Քրիստոսի հետ մեռնել, թաղվել և հարություն առնել։ Պողոս առաքյալն ասում է.
«Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով, որովհետև եթե Նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք Նրան, ապա պիտի լինենք նաև Նրա հարության նմանությամբ» (Հռոմ. 6. 4-5), իսկ մեկ այլ թղթում` «Թաղվելով Նրա հետ Մկրտության մեջ` դրանով իսկ Նրա հետ հարություն առաք Աստծո զորությանը հավատալով, ով Նրան հարություն տվեց մեռելներից» (Կող. 2. 12):
Մեր միջի հին մարդը մեռնում է, իսկ նորը` հարություն առնում: Ուստի նոր մկրտվածին արարողությունից հետո նոր զգեստներ են հագցնում, որը խորհրդանշում է մկրտվածի երկրորդ` վերստին ծնունդը, մեղքից ազատվելը, աշխարհի համար մեռնելն ու Աստծո համար կենդանի լինելը: Ուստի նույն առաքյալն ասում է. «Դուք բոլորդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղ. 3. 27):
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան