«Հարցը կարող են մեկնաբանել Պաշտպանության նախարարության մեր գործընկերները». Գնել Սանոսյանը՝ Քաչալ սարի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ չի տիրապետում այն տեղեկատվությանը, ըստ որի՝ թշնամու զինուժը ամրանում է  Սյունիքի մարզի Քաչալ սարում, որտեղից անմիջապես թշնամու թիրախում է հայտնվելու Գորիս համայնքը։

«Կարծում եմ՝ այս հարցը կարող են մեկնաբանել Պաշտպանության նախարարության մեր գործընկերները։ Մենք անընդհատ խոսում ենք Սյունիքի մեր գործընկերների հետ, տարբեր հարցերի շուրջ, սակայն այդ հարցի հետ կապված՝ ես չունեմ տեղեկատվություն, որպեսզի մեկնաբանեմ, կամ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական Վահե Ղալումյանի այն մեկնաբանություններին, որ Հայաստանում կան ադրբեջանական անկլավներ, Գնել Սանոսյանն առաջարկեց՝ Վահե Ղալումյանի հայտարարության վերաբերյալ հարցերն ուղել նրան, սահմանային իրավիճակի հետ կապված հարցերն էլ՝ Պաշտպանության նախարարությանը։

«Իհարկե, ես շատ ինֆորմացիա ունեմ, շատ հարցերի մասնակից եմ, շատ բան գիտեմ, բայց այն, ինչն ինձ առնչվում է և ինչը պետք է խոսեմ՝ դա եմ խոսում։ Ինչո՞ւ եք ուզում, որ այլ գործընկերների փոխարեն՝ ես խոսեմ, հետո էլ ստացվում է, որ ձեր հարցերին չեմ պատասխանում»,- շեշտեց նա։

Հարցին՝ օրինակ, Տիգրանաշենում սուբվենցիոն ծրագրեր նախատեսվա՞ծ են, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը փետրվարից նոր կսկսեն հայտեր ունենալ, այդ պատճառով էլ չի կարող ասել՝ Տիգրանաշենում որևէ բան նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։

«Այդ պահին նախատեսված չէ, կամ ինձ հայտնի չէ»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս