Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 19-ի. Al Jazeera
Նոյեմբերի 2-ին Քաբուլի կենտրոնում որոտած պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 19-ի: Ինչպես հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անվտանգության ծառայության ներկայացուցիչներին, եւս առնվազն 43 մարդ վիրավորվել։
Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր 15 զոհերի եւ 34 վիրավորների մասին: «Թալիբան» շարժման՝ Կատարի քաղաքական բյուրոյի ներկայացուցիչ Ահմադ Յասիրը հայտնել է, որ «Խորասանում Իսլամական պետություն» խմբավորման բոլոր զինյալները, խմբավորում, որն «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության ճուղավորումն է, որոնք մասնակցել են Քաբուլի կենտրոնում հիվանդանոցի շենքի մոտ կատարված հարձակմանը եւ երկու պայթյունների իրականացմանը, ոչնչացված են:
«Քաբուլում փոխհրաձգությունն ավարտվել է ԻՊ-ի զինյալների ոչնչացմամբ»,- գրել է նա Twitter-ի՝ իր էջում:
Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թալիբների կազմավորումների եւ Իսլամական պետության զինյալների միջեւ փոխհրաձգությունը շարունակվել է շուրջ մեկ ժամ:
Միջադեպերը տեղի են ունեցել Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ, որը գտնվում է Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաեւ գտնվում են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ: Բժշկական հիմնարկությունը, որը պատկանում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, նախատեսված է 400 մահճակալ-տեղի համար եւ խոշորագույններից մեկն է երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: