«Այդ ճանապարհը մեր ճանապարհն է, բացառությամբ երկու հատվածի». Գնել Սանոսյանը՝ Որոտանի ճանապարհի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից ձեռք չեն քաշելու։

«Այդ ճանապարհը մեր ճանապարհն է, բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է, այսինքն՝ դեռ դեմարկացիա և դելիմիտացիա երևույթը ցույց կտա՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Այս պահին մենք զուգահեռ Տաթև-Աղվան ճանապարհն ենք կառուցել, առանձին Շուռնուխին մոտեցող ճանապարհ, Որոտան ու Բարձրավան՝ առանձին։ Հետագայում մտածում ենք նաև, որ այն ոլորանները, որը վիճարկվող է, այդ ոլորաններին շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի այն երկուսի հետ կապված՝ առհասարակ խնդիրներ չունենանք։ Մեր նպատակն է՝ այդ ճանապարհը միշտ օգտագործել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։

Նա նաև տեղեկացրեց՝ այդ ճանապարհն առաջացրել է տնտեսական խնդիրներ, և այդ առումով իրանցի գործընկերները ևս մտահոգ են, և նրանց հետ հանդիպումների ընթացքում քննարկվում է, թե ինչ հնարավոր տարբերակներ կան, որոնցով կկարողանան խնդիրները կարգավորել։

Նախարարը դժվարացավ ասել՝ խնդրով պայմանավորված՝ Իրանից եկող բեռնատարների թիվը նվազե՞լ է, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս