Այնպես ենք արել, որ տոներին շատ չսպառեն. ինչպես է Կառավարությունը զսպում գնաճը՝ ըստ Քերոբյանի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտել է գնաճի զսպման մեխանիզմը։
Ըստ նրա, այնպես են արել, որպեսզի մարդիկ առաջիկա տոներին շատ չսպառեն, թե կոնկրետ ինչը նկատի ուներ նախարարը, պարզ չէր, քանի որ միտքը չշարունակեց, բայց կարելի է ենթադրել, որ գուցե նկատի ուներ ապրանքը, գումարը:
«Գիտեք, որ փոփոխություններ ենք սահմանել «Տոների և հիշատակի» օրերի մասին օրենքում, որպեսզի մարդիկ ավելի հարթ անցկացնեն ամանորյա օրերը, և սպառումն այդպիսի ուժեղ պիկ չունենա դեկտեմբեր ամսին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը, հետո էլ ավելացնելով, որ, թերևս, կատակում է։
Նախարարն անդրադառնալով գնաճին՝ խոստովանեց, որ իշխանությանն իրականում շատ է անհանգստացնում երևույթը, որը համաշխարհային տարածում ունի, աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում, ինչը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի ժամանակ, կարելի է ասել, «հանգցվեցին» բոլոր գործարանները։ Ինչ վերաբերում է կարտոֆիլի գնի բարձրացմանը, ապա Վահան Քերոբյանը պնդեց արդեն մի քանի անգամ տված պարզաբանումը.
«Նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանվել է մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի արտահանվել է 40 հազար տոննա բարձր գնով։ Բնականաբար, բարձր գնով կարտոֆիլ գնելու Ռուսաստանի մղումն ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները նաև բարձրացնում են կարտոֆիլի գինը տեղական շուկայում»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում