Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 10-րդ անգամ քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս անգամ էլ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Այսօր էլ, ինչպես նախորդ հանձնաժողովի նիստին, ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, չէին մասնակցում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ, եթե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, ապա ինքը կհարցներ. «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Օհանյան, դուք էլ եք հասկանում, որ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է, մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք։ Որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք կամ գոնե եկեք ու ներկայացրեք Ձեր թեկնածուին»։
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ ելույթ ունեցավ և «Հայաստան» դաշինքի պահվածքը բնորոշեց՝ որպես իրավունքի բացահայտ չարաշահում։
«Նրանք, իմանալով հանդերձ, որ պարոն Ղազինյանը չի ընտրվելու՝ չեն փոխում թեկնածուին: Սա պարզ իրավունքի չարաշահում է և անհարգալից վերաբերմունք իրենց ընտրողների նկատմամբ»,- նշեց նա։
Նույնաբովանդակ ելույթով հանդես եկավ նաև մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը։
«Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքն ամեն դեպքում պետք է ներկա լիներ այս հոբելյանական 10-րդ նիստին»,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանն էլ հրապարակեց իր եզրահանգումը, թե պարզ երևում է, որ Սեյրան Օհանյանը չի որոշում, թե ով պետք է լինի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն։
«Այդ որոշում կայացնող պերսոնաժին պետք է խորհուրդ տալ, որ Հայաստանը պետություն է, և երբեք չի կարելի օրենքները վերածել շանտաժի գործիքով։ Քվեարկեք ու անցնենք առաջ՝ «հոբելյանական» 10-րդն էլ չստացվեց։ Իրենք սխալվում են, որ կարծում են, թե մեր հանձնաժողովը պետք է զբաղվի միայն պարոն Ղազինյանի քվեարկությամբ»,- շեշտեց նա։
Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհանյանին հեռակա՝ նոր թեկնածու առաջադրելու մասին առաջարկություն փոխանցեց, պատճառը նույնն էր՝ Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։